Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրի քննարկում Կոտայքի մարզպետարանում

Հոկտեմբեր 31,2018 16:38

Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրի քննարկում Կոտայքի մարզպետարանում Կոտայքի մարզպետարանում ՀՀ Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրի տեղեկատվական քննարկմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Ա.Սարգսյանը, մարզի տարածքային զինկոմիսարիատների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ և զինղեկներ:

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորեց Ազգային բանակի դերը՝ նշելով, որ եթե պետական քաղաքականության մեջ կարևորվում է որևէ ծրագիր, ապա պիտի կանգնել համապատասխան կառույցների կողքին. «Բոլոր ներկաներին պիտի խնդրեմ, որ ծրագրին առնչվող և այստեղ հնչած հիմնական ասելիքը հասցնեք ձեր հաստատություններ, որպեսզի հետագա այցերի ընթացքում ծրագրի արդյունավետության մասին խոսելիս մենք գործուն քայլեր և արդյունքներ ունենանք»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը:

Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Ա.Սարգսյանը, խոսելով «Ես եմ» ծրագրի մասին, նշեց, որ 2017թ.-ի դեկտեմբերի 21-ին կառավարության 1675-Ն որոշմամբ սահմանված կարգով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքը թույլ տվեց բացի պարտադիր ժամկետային զինծառայությունից՝ ունենալ նաև այլընտրանքային մեխանիզմներ:Վերջինս հայտնեց, որ «Ես եմ» ծրագիրը նախ և առաջ սոցիալական, նաև հոգեբանական խնդիր է լուծում և ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է տեղերում՝ դպրոցներում, համայնքներում իրազեկման աշխատանքներ իրականացնել. «Այն երեխաները, որոնք ցանկություն են հայտնում ՊՆ առաջարկած վայրում և պայմաններում ծառայության անցնել, կնքում են քաղաքացիա-իրավական պայմանագիր, զորակոչվում են նախանշված վայր: Առաջին հինգ ամիսները անցնում են ուսումնական փուլ, հինգ ամսից հետո ծառայում են 2+1+1 ֆորմատով՝ երկու շաբաթ մարտական հերթապահություն, մեկ շաբաթ արձակուրդ, մեկ շաբաթ զորամասում մարտական հերթապահության պատրաստություն: Ծառայության այս տեսակն առանձնանում է նրանով, որ երեք տարով է ծրագիրը, բայց երբ այդ ժամկետից հանում ենք արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը, ստացվում է, որ տարվա մեջ մոտ 210 օր անցկացնում է արձակուրդում: Յուրաքանչյուր ամիս զինծառայողը ստանում է դրամական բավարարում 35 000 դրամից սկսած, իսկ ծառայության ավարտին մոտ 5 մլն դրամ պատվո վճար»,- նշեց փոխգնդապետը՝ հավելելով որ գումարը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում․

  1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
  2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
  3. ուսման վարձի փոխհատուցում:

ՀՀ ՊՆ ծրագրի համաձայն՝ երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:

Հանդիպման ավարտին ներկաները հույս հայտնեցին, որ կկարողանան տեղերում ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով աշխատանքներ իրականացնել և առաջիկա զորակոչին մեր մարզից ավելի մեծ թվով երիտասարդներ ծառայության կանցնեն հենց այս ծրագրով:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031