Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր շեմ ոտք դնող յուրաքանչյուր մարզիկ թույլ լինելու իրավունք չունի». Սարգիս Ստեփանյան

Հոկտեմբեր 31,2018 16:28

Ուսումնասիրելով բազկամարտի աշխարհի չեմպիոն, մայոր Սարգիս Ստեփանյանի անցած ուղին և ներկայիս ձեռքբերումները, որոշեցի՝ պետք է անպայման ծանոթանամ նրա հետ: Հարցազրույցի վայրը «Լեգենդներ» մարզասրահն էր, որը հիմնվել է Սարգիսի և ընկերների ջանքերով:

Հենց առաջին րոպեից Սարգիսը, ժպիտը դեմքին, ստեղծեց անմիջական ու անկաշկանդ մթնոլորտ:

2014 թվականին Արցախում մարտական ընկերոջը փրկելու համար, նա մտնում է ականապատ տարածք և արկի պայթյունի պատճառով կորցնում ոտքերն ու մի ձեռքը:
Մոտ մեկ տարի բուժվելուց հետո Սարգիսը մտածում է, որ պետք է շարունակի ապրել այնպես, ինչպես նախկինում:

«Շատ դժվարություններ են եղել այդ ընթացքում, սակայն դրանք նրա համար են, որ կարողանաս հաղթահարել: Ես միշտ փորձել եմ շարժվել առաջ: Լացելով ոչնչի չես հասնի, եթե իմանայի, որ դա ինչ-որ բան կփոխի, առաջին լացկանը ես կլինեի»,- ասում է նա:

Սարգիսն իր զինակից ու մարզական ընկերների հետ որոշում է ստեղծել մի կառույց, որը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա մարզվել և կյանքում որոշակի հաջողությունների հասնել:

«Գաղափարը եղել է դեռ 2015 թվականից: Երբ գնում էինք աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, մարզիչիս՝ Արտավազդ Նալբանդյանի հետ մտածում էինք, որ Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի մարզասրահ, որը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող մարդկանց»,- ասում է նա:

Սարգիսն իր սեփական հաջողություններով օրինակ է ծառայել մնացած մարզիկներին՝ դառնալով Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ըստ նրա, այդքանից հետո միայն իրավունք ուներ հանձն առնել և ստեղծել Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա: Եվ արդեն 2018 թվականի հունիսին գաղափարն իրագործվեց:

Ֆեդերացիայի անունն ընդհանրական է՝Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա, նպատակն է չսահմանափակվել միայն մեկ մարզաձևով, ներառել այլ մարզաձևեր ևս:

Ֆեդերացիային կից «Լեգենդներ» մարզասրահն է. անունը պատահական չի ընտրված, ըստ Սարգիսի՝մարզասրահից հետագայում լեգենդներ են դուրս գալու:

Մի քանի ամիս գործող ֆեդերացիան արդեն տվել է այնպիսի մարզիկներ, ովքեր բավականին լուրջ արդյունքներ են գրանցել: Վերջերս էլ Թուրքիայում բազկամարտի աշխարհի չեմպիոն է դարձել Խաչատուր Սարիբեկյանը:

Հայաստանում մոտ մեկ ամիս առաջ Ուժային եռամարտի և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների միջև անցկացվել է սեղմում հենարանից սպորտաձևի Հայաստանի առաջնությունը, որը եղել է միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Օրեցօր ավելանում է մարզասրահ հաճախող մարզիկների թիվը, նրանց մեջ սերմանվում է հաղթող լինելու գաղափարը:

«Մեր շեմ ոտք դնող յուրաքանչյուր մարզիկ թույլ լինելու իրավունք չունի:Եթե մեր միջավայրում են, ուրեմն մեր գաղափարակիցն են: Առաջին հերթին մենք սովորեցնում ենք հաղթահարել դժվարությունները: Կարևոր չէ, թե դու ֆիզիկական ինչ խնդիր ունես, կարևորն այն է, որ կարողանաս սթափ մտածել և ճիշտ գնահատել կյանքը: Երբ որ հոգով ուժեղ ես և դրան գումարվում է ֆիզիկականը, դու պարզապես անկոտրում ես դառնում»,-ասում է Սարգիսը:

Մարզասրահը հնարավորինս փորձել են հարմարեցնել հաշմանդամություն ունեցող մարզիկներին, այնտեղ տիրող ջերմ մթնոլորտն էլ ավելի է նպաստում միջավայրին հեշտ ինտեգրվելուն:

Հայաստանում գործող որևէ սպորտային կառույցից ֆեդերացիան չի ստանում օժանդակություն, միայն Ամերիկայում գործող «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամն» (Armenian Waunded Heroes Fund) է այսքան ժամանակ աջակցել և միշտ եղել ֆեդերացիայի կողքին:

Այժմ մարզիկները պատրաստվում են նոյեմբերի 16-21-ը Լեհաստանում կայանալիք Աշխարհի գավաթի առաջնությանը:Սարգիս Ստեփանյանը նույնպես մասնակցելու է: Չնայած ձեռքի հետ կապված որոշ խնդիրներին, վստահ է, որ կհաղթի, ասում է՝ պարտվել չկա, պարտվելը մերը չէ:

Աննա ԲԶՆՈՒՆԻ 

Նկարները Սարգիս Ստեփանյանի անձնական արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031