Լրահոս
Օրվա լրահոսը

Հաբեթնակ Կուրղինյան. «Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականում սերնդափոխություն իրականացնելու ժամանակն է»

Հոկտեմբեր 31,2018 16:04

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր մամուլի ասուլիսում ամփոփեց օրերս Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունում իր սաների մասնակցությունը:

Նա սկզբում շնորհավորեց ասուլիսին մասնակցող հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին այս առաջնությունում ունեցած հաջողությունների համար, իսկ հետո ասաց. «Մեդալի համար պայքարելու հնարավորություն ունեին Գրիգոր Գրիգորյանն ու Դավիթ Սաֆարյանը: Սակայն նրանք քառորդ եզրափակչում պարտություն կրեցին, իսկ նրանց հաղթած մրցակիցները չկարողացան հասնել եզրափակիչ, որպեսզի մեր ըմբիշները սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն ստանային: Այլ կերպ ասած՝ նրանց համար աշխարհի առաջնությունը չստացվեց: Ես սա ինչ-որ տեղ օրինաչափ եմ համարում, քանի որ նրանք միջազգային մրցաշարերում, Եվրոպայի առաջնություններում այն արդյունքները ցույց չէին տվել եւ մեդալի համար չպայքարելը մեծ անակնկալ չէր:

Հիմա կանգնած ենք մի իրավիճակի առջեւ, որ մեզ սերնդափոխություն է հարկավոր: Գործող ըմբիշներն արդեն տարիքով են: Սերնդափոխությունը պետք է կատարվի երիտասարդական եւ 23 տարեկանների հավաքականներից, որը աստիճանաբար կիրականացվի մեկ-երկու տարվա ընթացքում: Իսկ նշածս մեծահասակները հավաքականում դեռ պետք են, մինչեւ երիտասարդները փորձ ձեռք կբերեն ու այդ փուլը կհաղթահարեն միջազգային մրցաշարերում ու աշխարհի առաջնություններում բարձր տեղերի կհավակնեն: Հիմա հետագայի համար երիտասարդների համար պետք է լուրջ մրցակցություն ապահովել ազգային հավաքականում»:

Aravot.am-ի հարցին, թե մենք միշտ էլ ծանր քաշերում ենք խնդիրներ ունեցել եւ դրանց լուծում երբեւէ կլինի՞, Հաբեթնակ Կուրղինյանը պատասխանեց. «Դա գուցե գենետիկայի խնդիր է: Իհարկե, երիտասարդների մեջ ունենք ծանր քաշայիններ, սակայն նրանց անձնական քաշը 100-110 կիլոգրամ է, ու մեծահասակների մեջ պայքարելը խնդիր է: Բայց պետք է անել ամեն բան մրցակցություն ապահովելու համար: Եթե կարճ ասեմ, ունենք այն, ինչ ունենք եւ աշխատում ենք եղած ըմբիշների հետ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031