«Անբավարար եմ համարում Հայաստանի գործադիր իշխանության գնահատականներն ու արձագանքը Բոլթոնի հայտարարություններին։ ՀՀ գործադիր իշխանությունը կորցրեց հրաշալի հնարավորություն՝ ապացուցելու, որ ինքնիշխանությամբ է իրականացնում իր արտաքին քաղաքականությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` պատասխանելով Հայաստանում քննարկման առարկա դարձած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված մի շարք հայտարարություններին:
Մանրամասները`տեսանյութում
«Ակնհայտ է, որ Հարավային Կովկասն առանձին արժեք չէ ամերիկյան ազգային անվտանգության հայեցակարգում, բայց դա չի նշանակում, որ Հարավային Կովկասը կարևոր չէ: Նշանակում է, որ Հարավային Կովկասի կարևորությունն ածանցվում է ԱՄՆ-ի համար այլ հարակից տարածաշրջանների կարևորությունից։ Այսօր գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի թիվ մեկ թիրախը մնում է Մերձավոր Արևելքը և ակնհայտ է, որ և Ռուսաստանը, և ԱՄՆ-ը փորձում են Հարավային Կովկասում պլացդարմներ ստեղծել, կոնսոլիդացնել իրենց քաղաքական կշիռը այս տարածաշրջանում, որը հարակից է Իրանին և Սիրիային, հետագա մարտահրավերներին դիմագրավելու համար»,- ասաց Արմեն Աշոտյանը`հավելելով, որ ԱՄՆ-ը նույն տրամաբանությամբ է աշխատում։
«ՌԴ-ն փորձում է կոնսոլիդացնել իր քաղաքական կապիտալը Հարավային Կովկասում՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։ Դուշանբեում Ալիև-Փաշինյան կարճատև հանդիպումն այդպիսին եմ ընկալում։ Այդպիսի տրամաբանությամբ է աշխատում նաև ԱՄՆ-ը՝ նույն Բոլթոնի այցը: Հետևաբար, և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի համար շատ կարևոր է դիրքավորվել Հարավային Կովկասում՝ աչքի տակ ունենալով Սիրիան և Իրանը»,- շարունակեց Արմեն Աշոտյանը`հավելելով, որ այս իրավիճակում Հայաստանի մարտահրավերն այն է, որ այդ կոնսոլիդացիաները չբերեն Հայաստանի՝ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դառնալու իրավիճակի եւ այդ կոնսոլիդացիան չարվի Հայաստանի ազգային շահերի հաշվին: «Կոպիտ ասած՝ ունենալով ավելի մեծ նպատակներ, գերտերությունները չպարտադրեն, չճնշեն Հայաստանին՝ նահանջել սեփական շահերից, ինչ է թե Հարավային Կովկասում պետք է այս կամ այն գեոպոլիտիկ պլացդարմի մաս դառնանք։ Իմ խորին տպավորությամբ, եթե չասեմ՝ փակ ինֆորմացիայով, Արևմուտքում կան որոշ շրջանակներ, նրանք քիչ չեն, որոնք չեն կորցրել հույսը, որ Հայաստանի նոր իշխանությունները այնուհանդերձ կարող են իրականացնել աշխարհաքաղաքական բեկում, կարող են փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական գերակայությունները։ Այդպիսի շրջանակները քիչ չեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ