Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսամ, Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահի հանդիպումը Նյու Յորքում ոչ այնքան ամերիկացիների ինադու էր». Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 31,2018 15:37

Ադրբեջան-Իրան-Թուրքիա ԱԳ նախարարներն օրերս հերթական հանդիպումն են ունեցել: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով տարածաշրջանային եռյակի համագործակցություններից`Հայաստանին սպառնացող վտանգների մասին, ասաց`ազնիվ չի լինի ասել, որ ամեն ինչ շատ վատ է, ճիշտ այնպես, ինչպես ազնիվ չի լինի ասել, որ որեւէ խնդիր չկա: Նրան անհանգստացնում է Հայաստանն օղակում սեղմելու առումով Ադրբեջանի ակտիվության շարունակականությունը: Ասում է`կարեւոր է, որ հայկական կողմը կարողանա վրաց-իրանական ուղղության վրա չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական սպառնալիքները: «Ադրբեջան-Իրան-Թուրքիա ԱԳ նախարարների հանդիպման ձևաչափը ավանդական է։ Այդ հանդիպումից մեկ-երկու օր առաջ էլ տեղի է ունեցել Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան արտգործնախարարների մակարդակով հանդիպում։ Լինելով ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներին մեկը, չեմ ուզում ամեն հարցով քննադատություն եւ անհանգստություն հայտնել՝ շահարկելով այս կամ այն խնդիրները։ Շատ անհանգստանալու, նոր բան տեսնելու ցանկություն չունեմ: Բայց անհանգստացնում է ուրիշ երևույթ՝ այն ակտիվ տարածաշրջանային դիվանագիտությունը, որ շարունակում է վարել Ադրբեջանը՝ փորձելով սեղմել Հայաստանի շուրջ տարածաշրջանային դիվանագիտական օղակը, ստեղծել տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման պատրանք, և այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կարողանան իրանական ուղղության վրա երկկողմ հարաբերություններով չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական գործողությունները։ Ակնհայտ է, որ Իրանն ինքն ունի տարածքային ամբողջականության ներքին սպառնալիքներ, սա պետք է հաշվի առնել: Այսինքն՝ նույն Իրանի համար տարածքային ամբողջականությունն իր ներքին կարևոր մարտահրավերներից մեկն է: Գիտեք, որ գոյություն ունի ադրբեջանական մեծ համայնք, և չեմ բացառում, որ իրանական կողմը տարածքային ամբողջականության ձևակերպումներին համաձայնում է՝ հենց իր ներքին խնդիրներից ելնելով։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ավելի հետևողական և նախաձեռնող քաղաքականություն վարել վրացական և իրանական ուղղություններով։ Հուսամ՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահի հետ Նյու Յորքում ոչ այնքան ամերիկացիների ինադու հանդիպում կազմակերպելու ցանկություն էր, որ հենց Թրամփը մերժեց, դրա փոխարեն Իրանի նախագահի հետ կազմակերպվեց հանդիպում։ Հուսով եմ՝ նույն հանդիպման ժամանակ մեր իշխանությունները կարողացել են և կկարողանան ներկայացնել մեր մոտեցումները, շահերը և ստանալ բարեկամական Իրանի աջակցությունը այդ մակարդակով։ Հայաստանի համար շատ կարևոր է՝ չկորցնել զգոնությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Ի դեպ, բանախոսն ամրագրում է`Հայաստանի գործադիր իշխանությունը իր արտաքին քաղաքականության ուղղությամբ կատարվող աշխատանքներում խորհրդարանի հետ բավարար չի աշխատել այս ընթացքում: Դա չի խոչընդոտել, որ խորհրդարանականները շարունակեն իրենց հետեւողական աշխատանքը: Միայն բարդացրել է խորհրդարանականների աշխատանքը: «Ես տպավորություն էի ստանում, որ ՀՀ ներկայացուցիչները տեղերում երբեմն աշխատում էին խորհրդարանական պատվիրակությանը ոչ համահունչ, եթե չասեմ հակառակ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031