Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ից՝ ՀՀ փոստով զենք են ուղարկել, վայբերով թմրամիջոց վաճառել

Հոկտեմբեր 31,2018 15:19

Այս տարի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ու ԱԱԾ-ն մաքսանենգության ուշագրավ դեպք են բացահայտել:

Վարչության պետ Վարդան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դրսից կառավարվող հանցավոր խումբը վայբեր ծրագրային հավելվածի միջոցով թմրամիջոցի վաճառքով էր զբաղվում.«Համարին «sms» էին թողնում ու հարցնում, թե ինչ թմրամիջոց են ուզում եւ իրենց փոխանցումները ստանում էին ու գրում՝ էս ինչ շենքի մոտի էս ինչ շքամուտքի մոտ կարող եք ստանալ: Սա մեծ խումբ էր, վայբերն էլ լրիվ դրսի համար է, չէր լինում բացահայտել»: ՊԵԿ-ի ներկայացմամբ՝ Վայբերով այդ գործողությունն իրականացրել է թմրանյութերի վաճառքով զբաղվող հայտնի խումբը, հայտնաբերվել է մոտ 600 գրամ «հաշիշ» եւ 20 գրամ ՄԴՄԱ տեսակի թմրանյութ:

Մանրամասն՝ տեսանյութում

Պարոն Վարդանյանի փոխանցմամբ՝ 2018 թվականի ընթացքում կանխվել է մաքսային իրավախախտումների 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ: Ըստ վարչության պետի՝ հայտնաբերվել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ՝ մաքսանենգները փորձել են Հայաստան ներկրել ավելի քան 4կգ «կոկաին», 2կգ «ափիոն», 4կգ «մարիխուանա», 3գր «մեթադոն», մոտ 0.5կգ «հերոին» տեսակի թմրանյութ, ինչպես նաեւ 6գր հաշիշ, հաշիշ յուղի պարունակությամբ 290 հատ էլեկտրոնային սիգարետ և թմրամիջոցի պարունակությամբ քաղցրավենիք, կանխվել են նաեւ մոտ 8կգ «ափիոն» եւ ավելի քան 13կգ «մետամֆետամին» տեսակի թմրանյութերի արտահանման փորձեր:

ՊԵԿ պաշտոնյան ասաց, որ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը հիմնականում հայտնաբերվել են փոստային առաքանիներում. ԱՄՆ-ից փորձ է արվել ներմուծել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ Եվրոպայից՝ հոգեմետ նյութ եւ թմրանյութ պարունակող դեղահաբեր: Փոստային ծանրոցներում հայտնաբերվել է ավելի քան 22 կգ դեղորայք, որոնցից 3000 դեղահաբը՝ թմրանյութի եւ հոգեմետ նյութի պարունակությամբ:

Պարոն Վարդանյանն ասաց, որ թեեւ Մեղրիի մաքսակետն իր տեխնիկական հագեցվածությամբ բավարար վիճակում է, սակայն մաքսանենգության դեպքերը հիմնականում Իրանի հետ սահմանին են լինում. «Այս պահին Իրանի հետ համագործակցություն չկա»:

Բացի թմրամիջոցներից, էլ ի՞նչ տեսակի ուշագրավ մաքսանենգության դեպքեր են հայտնաբերվել՝ զենք, թանկարժեք քարեր՝ ադամանդ եւ այլն, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան պարոն Վարդանյանն ասաց. «Նախադեպը չունեցող դեպք ենք բացահայտել Կարգո բեռնային համալիրում՝ ԱՄՆ-ից ուղարկած փոստային առաքանու մեջ զենքեր ենք հայտնաբերել»: Արդյոք դյուրին է առաքանիով զենք ուղարկել ՀՀ, մեր այս հարցին էլ ի պատասխան Վարդանյանը վստահեցրեց՝ այդ զենքերն այնպիսի նյութով էին փաթեթավորել, որ «սքաներ» սարքը գրեթե չի բացահայտում: Բացի այս, հոկտեմբերի 9-ին էլ «Զվարթնոցի» մաքսակետում կանխել են 152 կարատ ընդհանուր քաշով ադամանդների անօրինական ներկրումը ՀՀ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031