Շատ ուրախ եմ Արցախում գտնվելու համար, քանի որ հնարավորություն ունեմ ծանոթանալու այստեղ առկա իրողություններին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախում գտնվող Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոյը՝ ընդգծելով, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակն Արցախում պետք է իր հանգուցալուծումը գտնի:
«Ես արդեն նամակ ստացա այն մասին, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել և ինձ Արցախ այցելելու համար անվանել ահաբեկիչ: Առաջին անգամ եմ ես նման իրավիճակում հայտնվում, երբ ինձ փորձում են ճնշել կամ հակառակը ստիպել ինչ որ հարցում: Սակայն դա որևէ բան իմ մոտեցումներում չի փոխի, այլ հակառակ ազդեցություն կունենա և ես կմնամ ձեր երկրի բարեկամը»,-նշեց պատգամավորը:
Նա մտահոգություն հայտնեց, որ չնայած Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, նմանատիպ ձևով է արձագանքում Արցախ այցելող օտարերկրացիներին:
Ժան-Ժակ Ֆլաոյը ընդգծեց, որ հաշվի առնելով Բելգիայում տարածաշրջանի և Արցախի վերաբերյալ ոչ ամբողջական պատկերացումներին, շատ կարևոր է այստեղ ծանոթանալ իրականությանը՝ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու համար:
«Մենք կստանձնենք հանձնառություն՝ տեղեկացնելու քաղաքական և հանրային դաշտին Արցախի և Արցախում առկա իրողությունների մասին: Նաև հաշվի առնելով, որ ես Բելգիայի խորհրդարանում հանդիսանում եմ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կփորձեմ նաև այդ հարցով նախաձեռնությամբ հանդես գալ խորհրդարանում»,- նշեց Ժան-Ժակ Ֆլաոյը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ