Նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորում, ինչը միանշանակ չի ընդունվել հասարակության որոշ շերտերի կողմից:
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին կայացած «Ավանդական արժեքները որպես հայ պետականության հիմք. եկեղեցու դերը ազգային անվտանգության, քաղաքական կայունության և հասարակական համաձայնության ապահովման հարցում» թեմայով քննարկման ժամանակ եւս անդրադարձ եղավ ֆորումին:
Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը նշեց. «Դա աշխարհում անցկացվում է 11-րդ անգամ, իսկ Հայաստանում առաջին անգամ: Գալու են Արեւելյան Եվրոպայից ու Կենտրոնական Ասիայից: Մինչ այս պահը հայտնի չէ, թե որտեղ է անցնելու համաժողովը: Կազմակերպիչներն ասում են, որ դա գաղտնի տեղեկատվություն է, որը պետք է միայն իմանան մասնակիցները, քանի որ դա վերաբերում է իրենց անվտանգությանը: Եթե իրենք չեն ասում, դա նշանակում է, որ թափանցիկ չեն աշխատում»:
«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի բառերով. «Արդեն պատրաստ են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եւ մեկ միջազգային պայմանագիր սպասում է վավերացման, որով Հայաստանում կամրագրվեն այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց լայն իրավունքները»:
Նա Ստամբուլյան կոնվենցիային էլ անդրադարձավ. «Այդ կոնվենցիայի վավերացման դեպքում Հայաստանում կամրագրվի ընտանիքի նոր մոդել, որը կոչվում է զուգընկեր, իսկ զուգընկերները պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցող անձինք են, եւ սեռը նշված չէ…Ինչպես նաեւ եթե տղամարդը որոշակի պարբերականությամբ հանդիպել մարմնավաճառի հետ, ապա կոնվենցիայի դրույթների համաձայն, մարմնավաճառը իրավունք կունենա արդեն որպես ընտանիքի անդամ հայտ ներկայացնել եւ իրավունքներ ունենալ: Այդ կոնվենցիան պարտադրում է, որպեսզի այն վավերացրած երկրները զուգընկերների իրավական ամրագրումը ապահովեն օրենքով»: Նա շեշտեց նաեւ, որ Ստամբուլյան կոնվենցիան չեն ստորագրել Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Բուլղարիան:
«Այսօր Մայր աթոռում գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը եւ ես կարծում եմ, որ այդ նիստից հետո եկեղեցին կարձագանքի այսօր հրատապ համարվող այս խնդիրներին»,-ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը: Արամ Սաֆարյանն ասում է, որ Հայաստանում հանդուրժող են կրոնական այլ հայացքներ, սեռական այլ կողմնորոշում ունեցողների հանդեպ, բայց նրանք էլ չպետք է ոտնահարեն ուրիշների իրավունքները. «Մեր եկեղեցին ասում է`ինչ որ անում ես քո անկողնում դա քո գործն է, բայց եթե դրանց համարն իրավական երաշխիքներ ես ուզում, գալիս ես մեզ խանգարելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելիներ,
Իրավական երաշխիքները պետք չէին լինի եթե բոլոր ՀՀ քաղաքացիները իսապես հավասար լինեին խտրականություն չլիներ չգիտեմ ինչ հիմքերի հիման վրա: Եթե կարող եք երաշխավորել որ որևէ մեկը ՀՀ-ում բռնության չի ենթարկվի ու որ բոլորի իրավունքները ապահովված կլինեն (որ մի խումբ մարդիկ ավելի արտոնյալ չի լինի քան մեկ ուրիշ խումբ) ապա իսկապես կարիք չկա օրենք փոխոլու: Բայց եթե չեք կարող այդ ամենը ապահովել որ բոլոր ՀՀ քաղաքացիները կարողանան հանգիստ ու իրենց ուզած ձևով ապրել ու ձևավորել իրենց կյանք առանց որևէ մեկի իրավունքները խախտելու, ուրեմն առնվազն պետք են իրավական երաշխիքներ, չէ?