2014թ. Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը, որը տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներով բարձրաձայնում է, որ որդու գործը կոծկված է եւ կոռումպացված, «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պահանջում է հանդիպում ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Ռուզաննա Ադանալյանը նախ հիշեցրեց որդու հետ կապված միջադեպը՝ պնդելով, որ նրան սպանել են՝ իրեն ցավ պատճառելու համար. «Պատվիրատուն Լուսինե Գինոսյանն է, որի հետ քաղաքացիական վեճ եմ ունեցել եւ, կարելի է ասել, հաղթել դատարանում: Նրա հետ լուրջ թշնամական հարաբերութուններ եմ ունեցել»: Հիշեցնենք, որ Լուսինե Գինոսյանն Aravot.am-ին մեկնաբանություն է տվել սպանության մեղադրանքի առնչությամբ:
Ռուզաննա Ադանալյանը հայտարարեց՝ քանիցս դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ Արթուր Դավթյանին, որպեսզի հանդիպի նրանց հետ եւ որդու գործը ներկայացնի, սակայն դիմումները մնացել են անարձագանք: Ըստ տիկնոջ՝ նշյալ պաշտոնյաները հրաժարվում են իր աչքերի մեջ նայել, քանի որ գիտեն՝ գործը կոծկելուն նպաստել են այլ պաշտոնյաներ եւս. «Խոսքը նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի մասին է: Երբ Փաշինյանը դեռ ԱԺ պատգամավոր էր, ինձ ընդառաջեց եւ երկու-երեք հանդիպում կայացավ մեր մեջ: Ներկայացրել եմ Կոստանյանի կողմից կեղծված եւ պարտակված փաստերը: Նման որակումներ Փաշինյանն էլ է ուղղել Կոստանյանին՝ ԱԺ ամբիոնից: Նա ժամանակին որդու գործի վերաբերյալ հարցում էր ուղարկել դատախազությանը եւ խեղաթյուրված պատասխան ստացել: Ներկայիս դատախազ Արթուր Դավթյանը եւս կոծկում է հանցագործության փաստերն ու հանգամանքները»:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ դատախազությունը Ռուզաննա Ադանալյանի բողոքների առնչությամբ հայտարարություն էր տարածել: Ըստ Ռուզաննա Ադանալյանի՝ քրեական գործում՝ նախաքննությունից սկսած, շատ բան կեղծվել է. «Մեկ անձ է դատապարտվել, մինչդեռ մեր տանը քսան եւ ավելի անձինք են գտնվել: Դիակի լուսանկարները բացակայել են գործից: Դատաբժշկական փորձաքննությունը կոծկել է խմբակային սպանությունը, որպեսզի ավելի մեղմ պատիժ նշանակվի: Որդուս կտրող-ծակող գործիքների ութ հարված է հասցվել, մինչդեռ երկուսն են արձանագրվել: Դիակը լվացել են…Այս սպանությունն ունի հովանավոր: Այդ պատճառով դատաբժշկական փորձաքննությունը կեղծվել է. առանց կաշառքի նման եզրակացությունը հնարավոր չէր կեղծել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ