«Այսօր մենք ունենք 93 ցմահ ազատազրկման դատապարտված, որոնցից 16-ը 18-21 տարեկան հասակում են կատարել այդ արարքը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է համաներման նախագիծը, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ եթե բազմաթիվ երկրների փորձը, օրենսդրությունը նայում ենք, ցմահ ազատազրկում, օրինակ, Ավստրիայում, Բոսնիայում նշանակում են 21 տարեկանից սկսած: Նաիրա Զոհրաբյանը դիմեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին. «Հիմա մենք մեր խղճի առջեւ անկեղծ լինենք, պարոն նախարար, եթե սպան փորձել է անարգել զինվորին, այդպիսի դեպքեր ունենք, դատապարտված են ցմահ ազատազրկման ու 18, 19, 20 տարի նստել են, արդյունքում եղել է սպայի մահը: Հիմա այդ տղաները մոտ 20 տարի նստել են, արդեն տղաներ էլ չեն, հասուն մարդիկ են, իրավունք ունե՞ն նրանք ակնկալել, որ գոնե ռեժիմ կփոխվի, գոնե համաներմամբ կներեք, կամ վաղաժամկետ ազատ կարձակեք»:
Նաիրա Զոհրաբյանը հորդորեց զինվորական ծառայության հետ առնչվող 14 դեպքերը կրկին քննել ու անհատական մոտեցում ցուցաբերել հատկապես մեկ վկայի մեկ ցուցմունքով ցմահ ազատազրկվածներին. «Ստեփանի գործին ծանոթ եք, գիտե՞ք ինչ հարց է տվել վաղակետ ազատ արձակող հանձնաժողովը, ասել է՝ դուք այս տարիներին բանաստեղծություն գրե՞լ եք, թե՞ չէ: Պատասխանել է՝ ոչ: Ասել են, եթե չես գրել, նշանակում է՝ դուք մարդկայնորեն չեք փոխվել, որովհետեւ շատերը, որ սկսում են բանաստեղծություն եւ վեպ գրել, մենք կարող ենք անհատական մոտեցում ցուցաբերել ու ասել՝ նրանք փոխվել են: Սա աբսուրդագույն հարց է: Մենք պիտի հասկանանք՝ ընդհանրապես ովքե՞ր են այդ հանձնաժողովի անդամները եւ նրանք տարրական գիտելիքներ ունե՞ն, թե ինչճպես պիտի աշխատեն դատապարտյալների հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ