Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ինչ կարեւոր փոփոխություններ են կատարվել համաներման մասին նախագծում:
Հիշեցնենք, որ Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800- ամյակի եւ Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ քրգործերում հայտարարված համաներման մասին նախագծի մասին է խոսքը:
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, թե նախապես հրապարակված նախագծի տեքստում ինչ փոփոխություններ են կատարվել: Նախ, նախնական տեքստում համաներումը տարածվում էր մինչեւ 2018-ի հոկտեմբերի 1-ը հանցագործություն կատարածների վրա, ժամկետը երկարացվել է եւ դարձել հոկտեմբերի 21-ը: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նոր առաջարկներ եւս ներկայացվել են, բայց քանի դեռ կառավարությունը չի հայտնել իր դիրքորոշումը, չեն հրապարակի այդ առաջարկները: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ շատ կարեւոր է հասկանալ այս մարդասիրական ակտի իրական, սոցիալական նշանակությունը, բայց որեւէ պարագայում չպետք է մոռանալ, որ մեդալն ունի երկու կողմ, մեդալի երկրորդ կողմի մասին եւս պետք է մտածել: Նա հայտարարեց, որ համաներումը չափազանց կարեւոր ակտ է եւ ինքը կողմ է քվեարկելու այս նախագծին. «Սա մեր բոլորի համար այս տրամաբանության մեջ է՝ խավարին միշտ էլ հաջորդում է լույսը, խավարը խավարով չի հաղթահարվում: Լույս պիտի լինի, որպեսզի դրա միջոցով կարողանանք հաղթահարել ու վերականգնել նաեւ հանրային համերաշխությունը»:
Լույս բառը լսելուն պես՝ տեղից «Լույս» դաշինքի անդամները ոգեւորվեցին, քանի որ սա քիչ-քիչ կարող էր վերածվել «Լույս» դաշինքի նախընտրական քարոզարշավի: Արփինե Հովհաննիսյանն էլ արձագանքեց. «Լույս, բայց ոչ «Լույս» դաշինք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ