Նոր ձեռքբերում որպես այդպիսին չկա. հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվել է խաղաղության ու կայունության պահպանման և բանակցային գործընթացի շարունակականության ապահովման վրա:
Այս մասին Aravot.am-ի զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ունեցած հանդիպմանը:
«Դա ևս ինքնին կարևոր է, սակայն ամեն մի հանդիպումից պետք չէ ակնկալել մեծ առաջընթաց, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել և Ադրբեջանը շարունակում է մնալ միակ խոչընդոտողը հակամարտության կարգավորման գործում»,-նշեց Դ. Բաբայանը:
Անդրադառնալով վերջերս Արցախի խորհրդարանում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման վերաբերյալ բարձրացված հարցին՝ Դ. Բաբայանը ասաց, որ չնայած դե յուրե նման պայմանագիր կամ համաձայնագիր չկա դեռևս, սակայն դա չի նշանակում, որ ռազմական փոխգործակցություն երկու հայկական պետությունների միջև առկա չէ:
«Խնդիրը այստեղ ոչ թե ինչ-որ փաստաթղթի առկայությունն է, այլ ռեալ իրավիճակը: ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում գրված է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, հետևաբար դա նույնիսկ ամենակարևոր փաստաթղթային հիմքն է, որ թույլ է տալիս զարգացնել ռազմական փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում:
Մնացած հնարավոր զարգացումները ցույց կտա ժամանակը, բայց այս պահի դրությամբ դե յուրե նման փաստաթղթի չլինելը որևէ ձևով չի խոչընդոտում այդ ոլորտում Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը»,- ընդգծել է Դ. Բաբայանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ