«2,5% շեմի փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ տեղի կունենա եկամտահարկի չափի փոփոխություն: Դա կլինի հունվարի մեկից, թե այլ ժամանակահատվածում, չեմ կարող ասել: Բայց դրանք փոխկապակցված են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե կուտակային կենսաթոշակային համակարգում սպասվելիք փոփոխությունների արդյունքում հունվարից աշխատավարձից հատկացվող ամսական վճարը կգերազանցի սահմանված 2,5%-ի շեմը, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
Նրա փոխանցմամբ՝ դեռ հուլիսին նախարարությունը բարեփոխումների առաջարկներ է մշակել եւ արդեն իսկ ներկայացրել ՀՀ կառավարությանը. «Քննարկվել են, որոշակի փոփոխությունների ենթարկվել: Իրականում դրանք գտնվում են վերջնական փուլում, բայց որոշ հարցերի պետք է անդրադարձ կատարվի՝ դրանց հնարավորություններն ու ռիսկայնությունը գնահատելու համար: Այդ փուլը չի ավարտվել, ուստի մեր առաջարկները դեռ նախագծի տեսքով են»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կենսաթոշակային կուտակային համակարգում կպահպանվի պարտադիրի բաղադրիչը, Մանե Թանդիլյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ իրենց առաջարկները քննարկման ենթակա են համապատասխան մասնագետների կողմից. «Ռիսկայնությունը գնահատելով՝ պետք է ճիշտ որոշման գանք»:
https://www.youtube.com/watch?v=98P-7dwMoRY
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ