Այսօր ԱԺ արտահերթ նիստում Էրեբունի Երեւանի հիմնադրման 2800- ամյակի եւ Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ քրգործերում հայտարարված համաներման մասին նախագիծն է քննարկվում:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, որը հարակից զեկուցողն էր, ասաց, որ բացարձակ անընդունելի կլիներ, եթե պոպուլիստական նկատառումով կառավարությունը ընդլայներ համաներման ակտը չափից շատ մարդկանց համար՝ առանց հաշվի առնելու տուժած անձանց իրավունքները. «Արդարադատությունը միայն հանցագործություն կատարած անձի իրավունքը չի, արդարադատությունը նաեւ հանցագործությունից տուժածների իրավունքների պաշտպանությունն է: Միջազգային իրավունքի տեսանկյունից նաեւ արդարադատությունը ենթադրում է տուժողների իրավունքների պատշաճ պաշտպանություն թե՛ բարոյական, թե՛ նյութական իմաստով: Եվ ընտրված մոդելը, իմ խորին համոզմամբ եւ հանձնաժողովի գնահատմամբ, մաքսիմալ բալանսավորել է ինչպես հանցագործություն կատարած, այնպես էլ հանցագործությունից տուժած մարդկանց իրավունքները: Մենք հաշվի չենք կարող չառնել այն ծնողի կարծիքը, որի որդին հաշմանդամ է դարձել հանցագործության կատարման արդյունքում: Մենք չենք կարող հաշվի չառնել սպանված որդու մոր ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական վնասների փոխհատուցման հարցը: Առաջին հայացքից կարող է ասվել՝ լավ, ինչ-որ գույք է գողացել, գողության համար դատապարտված է, բայց ես նաեւ որպես նախկին գլխավոր դատախազ եմ ասում՝ այդ փոքր առարկան, որը կարող է նաեւ արժեքը փոքր լինել, բայց տուժողի համար կենսական նշանակություն ունեցող է: Մի կարեւոր օրինակ կար՝ Լոռվա գյուղերից մեկում մի բնակչից գողացել էին 2 կով մի ծեր կնոջից, բայց այդ երկու կովն այդ կնոջ եւ իր ընտանիքի համար կենսական նշանակություն ուներ: Համաներման արդյունքում այդ հանցագործությունը բացահայտելուց 6 ամիս հետո հանցագործություն կատարած անձը ազատվել էր պատժից: Բա տուժողի իրավունքները…»:
Կոստանյանն ասաց, որ ավելի ուշ ճշտել է՝ նյութական վնասը այդ կնոջ փոխհատուցվե՞լ է, վերադարձվե՞լ է, պարզվել է՝ մինչեւ հիմա չի փոխհատուցել. «Հիմա կասեք 2 կով է ընդամենը, բայց հլը տեսեք դրա կարեւորությունը տվյալ ընտանիքի համար: Ինչքան էլ համաներումը մարդասիրական է հանցագործների նկատմամբ, նույնչափ պիտի մարդասիրական լինի տուժողների նկատմամբ: Ասում են՝ բա եթե մարդը փողը չի տվել, խի՞ չեք ազատում, ազատեք, մարդը դուրս կգա, հետո փողը կտա: Մեխանիզմ կա, երբ հանցագործություն կատարած մարդը վնասը չվճարելու արդյունքում դուրս եկավ, իհարկե, լուծում կա, բայց այդ տուժողը պետք է փաստաբան վարձի, դիմի դատարան ու դժվար է ասել այդ դատավարությունը քանի ամիս կամ քանի տարի կտեւի ու դժվար է ասել՝ արդյունքում այդ մարդը կհաղթի՞, իր վնասները կստանա՞, թե՞ չէ: Այստեղ է պետության դերը, որ ստեղծի այնպիսի համակարգ, որ հավասարակշռի: Համաներման ակտը ներում շնորհելն է հանցագործություն կատարած անձին, բայց համընդհանուր եղանակով: Ներումը համաներումից տարբերվում է նրանով, որ ներում երկրի ղեկավարը շնորհում է կոնկրետ անձի, ընդ որում, ասեմ, որ գործնականում, անգամ երկրի ղեկավարը երբ որ ներում է շնորհում, հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման պայմաններում է ներում շնորհում: Իսկ համաներումը համընդհանուր ներումն է, երբ պետությունն է բարի կամք դրսեւորում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բայց միաժամանակ պաշտպանում ու երաշխավորում է հանցագործությամբ տուժած անձանց իրավունքներն ու շահերը»:
Կոստանյանն ասաց, որ եթե հանցագործը փող չունի ու չի կարողանում փոխհատուցել, պիտի բանտ նստի: Ըստ Կոստանյանի, երբ Զեյնալյանն ասում է, որ հանցագործություն կատարածին համաներմամբ բաց են թողնում եւ հնարավորություն են տալիս, որ աշխատի եւ վնասը փոխհատուցի, դա ընդունելի կլիներ, եթե պետությունը նրանց աշխատանքով ապահովեր, բայց այսօր մենք չունենք այդ հնարավորությունը, որ դատապարտյալին, պատժից ազատված անձանց աշխատանքով ապահովենք:
Կոստանյանն ասաց, որ տարիներ առաջ ինքն անձամբ 1-2 համաներման տեքստ է գրել. «Այսօրվա համաներումն իրականում շատ լավն է՝ համեմատած նախորդ տարվա հետ, համեմատած նաեւ շատ երկրներում հայտարարված համաներման հետ: Ինչքան էլ այսօր փորձենք ընդլայնել համաներվող անձանց ցանկը, մենք ունենք նաեւ միջազգային պարտավորություններ ու չենք կարող եվրոպական կոնվենցիայի խախտումներով համաներել մարդուն: Առաջարկում եմ կողմ քվեարկել»:
Կոստանյանը նշեց, որ ցանկացած համաներման արդյունքում երկրում հանցագործությունների աճ է գրանցվում, դա անհերքելի իրողություն է, հետեւաբար կոչ արեց կառավարությանը, որ օպերատիվ-հետախուզական կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն, որ հանցավորության աճ չլինի, նրանք պետք է գտնվեն իրավապահ մարմինների հետեւողական ուշադրության արդյունքում, որպեսզի համաներումը բացասաբար չազդի մեր հասարակության վրա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ