Այսօր Արցախի խորհրդարանում մեկնարկել է հերթական լիագումար նիստը:
Նիստի օրակարգային առաջին հարցը ԱՀ վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին էր: ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար ներկայացված միակ թեկնածուն՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆայել Ջհանգիրյանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 29 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընտրվեց դատավորի պաշտոնում:
Նիստի օրակարգում ներառված էր նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել էր միայն մեկ թեկնածու ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ «Հայրենիք» խմբակցության կողմից:
Վերջինս փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց միաձայն:
Արտակ Բեգլարյանն իր ելույթում նշեց՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, առանձնացնում է չորս հիմնական ուղղություններ՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական:
«Իմ լիազորությունների շրջանակներում ես Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջնահերթորեն հնարավորինս արդյունավետ աշխատանք կատարելու եմ հենց ներքին ուղղությամբ և իմ ուշադրության ներքո են լինելու ներքին կարևորության բազմաթիվ հարցեր»,- մասնավորապես նշել է Ա. Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը խորհրդարան էր ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմում: Հոկտեմբերի 4-ին ԱԺ նախագահը հայտարարություն էր տարածել Ռուբեն Մելիքյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ