Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական պաշտպանության համակարգը պետք է ծառայի որպես մարդկային կապիտալի գլխավոր ներդրում

Հոկտեմբեր 31,2018 13:18

Այսօր Երևանում մեկնարկեց իր տեսակի մեջ առաջին լայնածավալ միջազգային համաժողովը, որը նվիրված է աղքատության կրճատման և կայուն զարգացման օրակարգում սոցիալական պաշտպանության դերի վերաիմաստավորմանը:

«Չանտեսելով ոչ ոքի Հայաստանում. սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում» խորագրով համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարյուրամյակը կարևոր և պարտավորեցնող առիթ է, որպեսզի վերաիմաստավորենք սոցիալական պաշտպանության համակարգի դերը աղքատության կրճատման օրակարգում: Հայաստանը պետք է ունենա սոցիալական համակարգ, որում կներառվեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները միջգերատեսչական համագործակցության հիմքի վրա, կգնահատվեն մարդկանց կարիքները՝ աջակցությունը հասցեական տրամադրելու համար», – նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

«Աղքատությունը մարդկանցից հաճախ խլում է իրենց հնարավորությունները, հույսը, արժանապատվությունն ու իրենց կարողությունների նկատմամբ վստահությունը: Բայց երբ նույնը պատահում է երեխաների հետ, դա ոչ միայն իրենց կյանքի վրա է ազդեցություն թողնում, այլև վտանգում է իրենց համայնքի և հասարակության ապագան», – հայտնեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Այսօր մեծացող երեխաները չեն կարող սպասել տնտեսական զարգացման ծրագրերի արդյունքներին: Նրանց մարմինը, ուղեղը, կարողությունները և կյանքի հանդեպ երազանքներն այսօր են ձևավորվում, և այսօր նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Թեև հնարավոր չի լինի մի գիշերվա ընթացքում զգալիորեն կրճատել աղքատությունը, բայց հնարավոր է կրճատել աղքատության ազդեցությունը երեխաների վրա խելացի հանրային քաղաքականության միջոցով, ինչպես նաև՝ մասնավոր հատված-հանրություն գործընկերության միջոցով»:

Համաժողովը կտևի երեք օր, որի ընթացքում ելույթներ կհնչեն ՀՀ կառավարության ներկայացուցիչների, Եվրոպայից և ԱՄՆ-ից ժամանած 20-ից ավելի առաջատար փորձագետների կողմից, ինչպես նաև կմասնակցեն տարատեսակ պլենար քննարկումների:

«Տեխնոլոգիաների՝ մեր ապրելակերպը, աշխատանքն ու սոցիալական կյանքը վերափոխելուն զուգընթաց, Հայաստանը պետք է խթանի մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումները: Վերջերս Համաշխարհային բանկը ներկայացրեց «Մարդկային կապիտալի ինդեքս»-ը, որը չափում է այսօրվա նորածնից ակնկալվող ներուժը 18 տարի անց, հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց նա բախվում է երկրում՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության առումով: Հայաստանն այս ինդեքսում 157 երկրների շարքում զբաղեցնում է 78-րդ տեղը և ունի 0.57 միավոր: Սա նշանակում է, որ երեխան հետագայում կարող է իրագործել իր ներուժի 57 տոկոսը, նույնիսկ եթե ստանա իրեն հասանելիք կրթական և առողջապահական ծառայությունները», – ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

«Այս տարի նշում ենք սոցիալական աշխատողի ինստիտուտի 25-ամյակը և ավելի քան կարևոր է դիտարկել սոցիալական ոլորտի աշխատողների մասնագիտական գիտելիքները, աշխատանքային պայմանները: Պետք է հասկանալ, թե արդյո՞ք նրանց ծանրաբեռնվածությունը, մանդատը և ունեցած ռեսուրսները բավական հավասարակշռված են քաղաքացիներին հասցեական աջակցություն տրամադրելու համար: Մենք գործ ունենք ոչ միայն նյութական աղքատությունից տուժող մարդկանց հետ, այլև նրանց, ովքեր այսքան տարիներ աղքատության հաղթահարման քաղաքականության ձգձգման պատճառով կրում են աղքատության մշակույթի ազդեցությունը:»,- նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: «Սոցիալական ծառայությունների և մասնագետների աստիճանական պրոֆեսիոնալիզացիան իմ կարծիքով ոլորտի բարեփոխումների հիմնասյունն է: Լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնել դա, և մարդիկ կստանան որակյալ ծառայություններ՝ գործելու որպես ինքնաբավ, ակտիվ քաղաքացիներ»:

UNICEF Armenia

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031