«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր ասաց, որ շուրջ 11 պատգամավոր դիմել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, որ ցմահ դատապարտվածներից ոմանք, որոնք համապատասխանում են որոշ կետերի, նույնպես համաներման շրջանակի մեջ տեղավորվեն, բայց Զեյնալյանը մերժել է: Այսօր ԱԺ արտահերթ նիստում Էրեբունի Երեւանի հիմնադրման 2800 ամյակի եւ Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ քրգործերում հայտարարված համաներման մասին նախագիծն է քննարկվում եւ Ալեն Սիմոնյանը Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինչու է մերժել:
Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ իրենց վերաբերմունքը ցմահ դատապարտյալների նկատմամբ արդեն դրսեւորել են. «Դա արդեն աննախադեպ է: Նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացվում եւ ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել է այս կառավարության օրոք, սա մեր քաղաքականության վեկտորն է: Նրանց նկատմամբ անհատական մոտեցում է դրսեւորվում: Վարչապետը հայտարարել է, որ ցմահ դատապարտյալները ուղղակի համաներմամբ սխալ է ազատ արձակելը կամ նրանց նկատմամբ համաներում կիրառելը, բայց նրանք եւ ներման իրավունք ունեն եւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման»:
Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից եւ թմրամոլությունից բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման կուրսն անցնելուց հետո: ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց կալանավայրերում խաղամոլության տարածվածությունից եւ Հեպատիտ C-ով տարածվածության մակարդակից՝ միջոցներ ձեռնարկվո՞ւմ են նման վիրուսակիրների նկատմամբ առողջապահական հիմնարկներում քայլեր իրականացնել: Զեյնալյանը պատասխանեց. «Որեւէ մեկը չունի ցուցանիշ, թե ինչպիսի տարածվածություն ունի լյարդաբորբը՝ Հեպատիտ c-ն ամբողջ ՀՀ-ում եւ ՔԿՀ-ներում: Այս հայտարարությունները միայն ենթադրություններ են, որեւէ մեկը չի կարող սրա վերաբերյալ եզրահանգում կատարել: Հեպատիտ C-ն փոխանցվում է արյան միջոցով, հյուսվածքային հեղուկների միջոցով եւ սա համաճարակ որակելը սխալ կլինի, օդակաթիլային ճանապարհով, կեղտոտ ձեռքերի փոխանցելու դեպքում համաճարակ կարելի էր համարել: Մենք չգիտենք իրական տարածվածության աստիճանը: Հեպատիտ C-ի հետազոտությունը շատ թանկ արժի եւ մեծ ռեսուրսներ է պահանջվում այդ հետազոտությունն անելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ