Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը նոյեմբերի 3-ին որպես դիրիժոր կղեկավարի ֆրանսիացի դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ Ալան Պարիսը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին կներկայացվեն Ռուսելի, Բրիթենի, Վիսմերի, Գրիգի ստեղծագործությունները:
«Առաջին անգամ եմ Հայաստանում և ուրախ եմ, որ բացահայտելու եմ ձեր երկիրն ու երաժիշտներին: Գիտեմ, թե ինչպիսի վարկանիշ ունի Հայաստանն ու հայ երաժիշտները: Ես շատ հայ երաժիշտների եմ հանդիպել աշխարհի տարբեր նվագախմբերում: Ֆրանսիայում ճանաչում եմ նաև բազում հայերի: Կամերային նվագախմբի մասին գիտեմ իմ ընկեր Վահան Մարտիրոսյանի շնորհիվ: Մենք նրա հետ նվագել ենք մի քանի տարի առաջ, և Մարտիրոսյանն ինձ առաջարկեց գալ Հայաստան: Եվ ես եկա»,-նշում է Ալան Պարիսը:
Ֆրանսիացի դիրիժորն ու երաժշտագետը թեև իր մասնակցությամբ համերգին հայկական ստեղծագործություններ չի ներառել, այնուամենայնիվ, ծանոթ է հայկական երաժշտությանը:
«Ծանոթ եմ Խաչատրյանի երաժշտությանը, ցավոք, նրան երբևէ չեմ հանդիպել: Լսել եմ նաև Հարությունյանի, Մանսուրյանի, Տերտերյանի գործերից: Գիտեմ նաև, թե ինչքան կարևոր կոմպոզիտոր է եղել Կոմիտասը: Տեղյակ եմ, որ Ֆրանսիայում է մահացել»,-ընդգծում է դիրիժորը:
Նշենք, որ Ալան Պարիսը 1968-ին առաջին մրցանակն է շահել երիտասարդ դիրիժորների International Besançon Competition-ում: Աշխատել է խոշոր ֆրանսիական նվագախմբերի հետ: Պարբերաբար հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի ակադեմիական երգչախմբի (1993–99), Աթենքի պետական նվագախմբի (2002–04), Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (սկսած 2001-ից), ինչպես նաև 1999-ից Կահիրեի սիմֆոնիկ ու Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:
Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Շվեյցարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ավստրիայում և այլուր:
Վարպետության դասերով հանդես է գալիս տարբեր երկրներում, նաև միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է: 2016-ից Բեյրութի ESA Music Festival-ի գեղարվեստական ղեկավարն է:
Մամուլի հաղորդագրություն