Լրահոս
Օրվա լրահոսը

«էդ միանգամից քանի՞ հազար հոգու բաց թողեցիք, երբվանի՞ց բացեցիք կալանավայրերի դռները, որ այդքան շատ տեղեր ազատվել են». Մարգարիտ Եսայանը՝ Զեյնալյանին

Հոկտեմբեր 31,2018 12:53

 Այսօր ԱԺ արտահերթ նիստում Էրեբունի Երեւանի հիմնադրման 2800 ամյակի եւ Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ քրգործերում հայտարարված համաներման մասին նախագիծն է քննարկվում:

ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն ասաց, որ համաներումը լավ է, բայց մտահոգություններ կան. «Ընդունենք, մարդիկ համաներմամբ դուրս եկան, բա տուժողների նյութական եւ բարոյական վնասի հատուցման խնդիրն ինչպե՞ս եք տեսնում եւ ի՞նչ մասնակցություն կարող է ցուցաբերել պետությունը այս կարեւորագույն գործում»:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ եթե քրգործով հաստատված է վնասի չափը, եթե բացակայում է քաղհայցը, ԴԱՀԿ-ի կողմից կատարման ենթակա չի: Եթե նման նախապայման ենք դնում, որ անձը քանի դեռ չի հատուցել վնասը, նա ազատ չի արձակվում, այստեղ ստացվում է այդ վնասի հատուցումը փրկագին: Նա ասաց, որ այն անձինք, որոնք դատապարտվել են ու վնասը չեն փոխհատուցել, հնարավորություն է տրվում դուրս գալ, միջոցներ վաստակել ու հատուցել այդ վնասը: Դրանով նաեւ տուժողներին են հնարավորություն տալիս գործնականում ստանալ իրենց հասցված վնասի հատուցումը:

Ինչ վերաբերում է տուժողներին, այնպիսի ծանր հանցագործությունների վրա ինչպիսին են խոշտանգումը, կյանքի իրավունքից զրկումը, այդ հանցագործությունները կատարածների վրա չի տարածվում համաներումը եւ պետությունը այստեղ կատարում է իր պոզիտիվ պարտավորությունը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հարցրեց՝ համաներումը ողջունելի է, բայց լուծվե՞լ է այդ մարդկանց ինտեգրման հարցերը, որ այդ մարդիկ իրենց չզգան օտարված հասարակության մեջ: Զեյնալյանը պատասխանեց, որ պետք է նախադրյալներ ստեղծել, որ անձը ՔԿՀ-ում լինի զբաղված, նրա հետ աշխատանքներ կատարեն, այդ ոլորտում լուրջ անելիքներ ունեն ոչ միայն իշխանությունը, նաեւ հասարակությունը, քաղհասարակությունը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանն ասաց, որ շատ սպասված նախաձեռնություն է ու հարցրեց՝ նախորդ համաներումը մեր երկրում եղել է շուրջ 5 տարի առաջ, ուսումնասիրե՞լ եք, քանի՞ անձ է խախտել այն, ի՞նչ ռիսկեր են եղել եւ այդ փորձը հաշվի առնվե՞լ է: Զեյնալյանը պատասխանեց, որ այո, ուսումնասիրել են ու պարզել, թե քանի անձ է համաներման կամ ներման արժանանալուց հետո կրկին հայտնվել ՔԿՀ-ներում, դրանց թիվը մի քանի տասնյակ է, այն դեպքում, երբ մինչեւ 2018-ը համաներմամբ ազատ է արձակվել 270 անձ ու համաներումը շատ մեծ թվով մարդկանց վրա է տարածվել, իսկ նորից ՔԿՀ վերադարձածների թիվը 100-ի չի հասնում:

Զեյնալյանն ասաց, որ համաներմամբ ազատ արձակվածները պիտի գիտակցեն, որ խախտել են մարդու իրավունքները, վնասել են մարդկանց, հասարակությունը ու եթե ներվել են, պիտի ամեն ինչ անեն, որ փոխհատուցեն մարդկանց, վերադարձնեն հասարակությանը այն, ինչ վերցրել են:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հետաքրքրվեց՝ ձեր հարցազրույցներում ասել եք, որ համաներումը աննախադեպ է, կասե՞ք ինչով է աննախադեպ: Զեյնալյանը պատասխանեց, որ կա համեմատական բոլոր համաներումների նախագծերի ու ամենաընդարձակ համաներումը սա է:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց, թե ՔԿՀ-ները երբվանի՞ց են այդպես բեռնաթափվել, որովհետեւ մի ժամանակ դա խնդիր էր, արդյո՞ք դա նրանից է, որ պատգամավորերի երաշխավորության, նամակների շնորհիվ բազմաթիվ մարդիկ ազատ արձակվեցին:

Զեյնալյանը պատասխանեց. «Սա այս իշխանությունների, այս կառավարության քաղաքականության արդյունքն է: Բազմաթիվ անձինք պայմանական վաղաժամկետ ազատվում են, այս ինստիտուտը գործում է: 1/3-ը պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված անձանցից ազատ է արձակվում դատարանների կողմից, միեւնույն ժամանակ նախկինի նման կալանքներն այդքան շատ չեն կիրառվում, այդքան միջնորդություններ էլ չեն ներկայացվում կալանքի, սրա արդյունքում է, որ բեռնաթափվել են ՔԿՀ-ները»:

Մարգարիտ Եսայանը չհամոզվեց կարծես պատասխանից, նա հարցրեց՝ «Այնուամենայնիվ, լիքն էին կալանավայրերը, շատ էին, բազմամարդ էին, էդ միանգամից քանի՞ հազար հոգու բաց թողեցիք, որ հանկարծ կալանավայրերում տեղերը ազատվել են: Ժամկետներ էի ուզում,  երբվանի՞ց այդպես բացեցիք դռները կալանավայրերի, որ այդքան շատ տեղեր ազատվեցին»:

Զեյնալյանը պատասխանեց. «Կալանավայրերի դռները բաց չենք արել, այդ ամբողջն իրականացվել է օրինականության շրջանակներում: Երբ ես ստանձնել եմ արդարադատության նախարարի պաշտոնը, մեկ-երկու ՔԿՀ-ներում եղել են խցեր, երբ մի մահճակալի վրա մեկից ավելի անձ է քնել հերթով: Իմ պաշտոնավարման ժամանակ այդ խնդիրը լուծվել է վերաբաշխումների միջոցով, պայմանական վաղաժամկետ ազատման միջոցով, նաեւ խափանման միջոցներն են փոխվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031