Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը լավ է պատկերացնում Եվրամիության հետ գործընկերության առաջնահերթությունն ու դրական է գնահատել աշխատանքը այդ ուղղությամբ: Դեսպանը հայտարարել է նաև, որ շուտով կլինեն նոր համաձայնագրեր, նոր ծրագրեր և ֆինանսական պայմանագրեր: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը՝ նոր Հայաստանի պայմաններում, բավական դժվար ձևավորվեց: Բավականին աղմուկ բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ արեց հունիսի վերջին Բրյուսել կատարած այցից հետո: Հայաստանում Եվրամիության դեսպանն ու այլ դիվանագետներ թույլ տվեցին պատասխան հայտարարություններ, նրբորեն քողարկելով դժգոհությունը, բայց այնպես, որ դա չէր մնա աննկատ:
Սակայն, ընդհանուր առմամբ, այդ ժամանակագրության ֆոնին հասնելով մինչև ԵՄ դեսպանի նախօրեին արած հայտարարություն, ըստ էության արժե թերևս արձանագրել մի բան՝ հայաստանյան հանրային-քաղաքական օրակարգում, կարծես թե, զգալիորեն նվազել է հայ-եվրոպական ուղղության հանդեպ ուշադրությունն ու եվրոպացի դիվանագետների հայտարարությունների, այսպես ասած, հնչեղությունը, եթե, իհարկե, դրանք չեն պարունակում որևէ հաճելի կամ տհաճ անակնկալ: Եվ սա ինքնին բավականին հատկանշական իրողություն է: Արդյո՞ք այն պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ներքին բուռն զարգացումները կլանել են ամեն ինչ և դրանից դուրս որևէ բան հրատապ չէ հանրության համար: Մյուս կողմից, մենք տեսանք նաև, թե ինչ մեծ ուշադրություն առաջացրին Ջոն Բոլթոնի հայտարարությունները Երևանում՝ ցույց տալով, որ խնդիրը հանրության կլանվածությունը չէ ներքին հարցերի հորձանուտով, այլ այն, թե դրանց զուգահեռ բովանդակային ինչ նոր զարգացումներ կլինեն: Եվ ահա այստեղ պետք է արձանագրել, որ եվրոպական քաղաքականություն, որպես այդպիսին, Հայաստանի այս ամիսների կյանքում, կարծես թե, չկա:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում