Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանի կինը կներկայանա «Սասնա ծռերի» գործով նիստին

Հոկտեմբեր 31,2018 12:25

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր պետք է հարցաքննվեին գործով տուժող-ոստիկանները, սակայն նիստը կրկին հետաձգվեց՝ վերջերս մահացած մեղադրյալ Արայիկ Խանդոյանի իրավահաջորդի ներգրավման հարցը պարզելու նպատակով: Խանդոյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը նախ դատարանին միջնորդեց դատարան հրավիրել Խանդոյանի կնոջը՝ Անուշ Խանդոյանին՝ Արայիկ Խանդոյանի մասով գործի վարույթը կարճելու կամ շարունակելու վերաբերյալ դիրքորոշում լսելու համար:

Միաժամանակ, պաշտպանը համոզմունք հայտնեց, որ Խանդոյանի մասով գործի վարույթը պետք է կարճվի. «Նրա արարքներում չի եղել հանցագործություն, նա ապստամբել է նախորդ ռեժիմի դեմ, որի հրամանով ենթարկվել է խոշտանգումների»: Ըստ Արա Ղարագյոզյանի, եթե դատարանն, այնուամենայնիվ, որոշի շարունակել գործի քննությունը, Խանդոյանի կինը պետք է ներգրավվի որպես նրա իրավահաջորդ: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց նրա միջնորդությունը, եւ հաջորդ նիստում Անուշ Խանդոյանը կներկայանա դատարան:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու, պատանդառության եւ ռազմավարական նշանակության շենքեր զավթելու համար: Վերջերս Կառավարության ներկայացրած համաներման մասին նախագծում ներառված են նաեւ խմբի բոլոր անդամները՝ բացառությամբ Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի, որոնք ոստիկանների սպանության համար են մեղադրվում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031