Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 6500 անձ համաներման շահառու կդառնա. Արտակ Զեյնալյանը բացատրեց, թե ինչու է այս համաներումն աննախադեպ

Հոկտեմբեր 31,2018 12:02

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Էրեբունի Երեւանի հիմնադրման 2800 ամյակի եւ Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ քրգործերում հայտարարված համաներման մասին նախագիծն է քննարկվում:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, մինչ բուն նախագիծը ներկայացնելը, վիճակագրությունը հրապարակեց՝ այսօրվա տվյալներով. «ՔԿՀ-ներում եւ կալանավայրերում առկա է 2880 անձ: Մահճակալների թիվը 5346 է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր առկա է 644 կալանավոր եւ դատապարտյալ, այն դեպքում, երբ տեղերի քանակը 780 է: «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղերի քանակը 339 է, դատապարտյալների եւ կալանավորների թիվը՝ 155»: Զեյնալյանն ասաց, որ սա ներկայացնում են նրա համար, որ պարզ լինի՝ համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու համար չեն անում. «Սա բացառապես մարդասիրական ակտ է, այն կոչված է հաշտության, համերաշխության»:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս համաներման օրենքով պատժիչ ազատ են արձակվելու հետեւյալ խմբի մարդիկ. առավելագույնը 4 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաեւ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք: Համաներմամբ ազատվում են առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն խմբերը, որոնք ունեն հաշմանդամության 1-ին եւ 2-րդ կարգ, 3 եւ ավելի անչափահաս երեխա, 60 տարին լրացած, հղի կամ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցողները:

Համաներմամբ ազատ արձակվող 3-րդ խումբն այն է, երբ անզգուշությամբ հանցագործություն են կատարել ու առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, որոնք պատժի 1/3-ն արդեն կրել են, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի քան 6 տարի ժամկետով ազատազրկում: 4-րդ խումբն այն անձինք են, որոնք մեղադրվում են այնպիսի հանցագործության մեջ, որոնց համար նախատեսվում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

Համաներմամբ պատժից կազատվեն նաեւ 2016-ի հունիսի 17-ից հուլիսի 31-ը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերը», նրանց հանցակիցները, ինչպես նաեւ 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար դատապարտված անձինք, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ կամ ֆիզիկական վնաս կրած տուժողները: Համաներումը չի տարածվում ՊՊԾ գնդի տարածքում եւ վերը նկարագրված դեպքերի ժամանակ այն հանցագործների վրա, որոնց արարքից մարդ է մահացել:

Համաներում չի կիրառվում ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, մարդու թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների, լրագրողի մասնագիտական օրինական գործողությունը խոչընդոտելու, ավազակության, ահաբեկչության, պետական դավաճանության, դիվերսիայի եւ մի շարք այլ դեպքերում: Չի կիրառվում նաեւ մի քանի հանցագործություն կատարած այն անձանց նկատմամբ, որոնց կատարած հանցագործություններից թեկուզ մեկում համաներումն արգելվում է:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ պատժիչ կազատվեն ՔԿՀ-երում պահվող 2880 անձանցից շուրջ 270-ը, դատապարտյալների ավելի քան 15 տոկոսը, ՔԿՀ-ներում պահվող 396 անձի 21.5 տոկոսը: Ընդհանուր առմամբ ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում, որը կազմում է ավելի քան 36 տոկոսը: Համաներումը կտարածվի պրոբացիայի 3850 շահառուներից 2720 անձի նկատմամբ, այսինքն՝ ավելի քան 70 տոկոսը, քննչական կոմիտեում քննվող գործերից 1096-ի վրա:

Զեյնալյանն ասաց, որ կարելի է ասել, որ շահառուների թիվը ընդհանուր առմամբ կլինի ավելի քան 6500 անձ, ինչն աննախադեպ է իր ծավալի առումով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031