Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավում եմ, որ ավագանու անդամը կարող է միակողմանի, առանց լսելու դիմացինի կարծիքը, նման հայտարարություններ անել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 31,2018 11:38

Դպրոցի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ձեռք բերելու քննություններից առաջինը, որն անցկացվել է հոկտեմբերի 17-ին, թեժ կրքեր է բորբոքել ու չի բացառվում, որ գործն ավարտվի դատարանով։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ավագանու երեկվա նիստում մեղադրանքներ է հնչեցրել քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հասցեին, որը նույնպես եղել է քննող հանձնաժողովի կազմում, իսկ հավակնորդներից ավելի քան 15-ը չեն հաղթահարել դրական շեմը։ «Քննող հանձնաժողովի անդամները՝ Աննա Ստեփանյանի գլխավորությամբ, դրսեւորել են անհարգալից վերաբերմունք մանկավարժների նկատմամբ եւ քննելուց առաջ նրանց ենթարկել են բարոյահոգեբանական ճնշումների։ Ես ունեմ փաստեր, որ մի քանի մանկավարժներ այդ ճնշումների հետեւանքով քննության ընթացքում եւ քննությունից հետո պարզապես արտասվել են։ Հավակնորդներին գնահատելիս հանձնաժողովի անդամները, ի դեմս վարչության պետի, առաջնորդվել են բացառապես սուբյեկտիվ վերաբերմունքով։ Տիկին Ստեփանյանը հատիկ-հատիկ մտաբերել է թիվ 11 դպրոցի այն ուսուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքն էին արտահայտել նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի դեմ եւ որոշել է կոպիտ, գռեհիկ պահվածքով, իր դիրքը չարաշահելով վրեժխնդիր լինել այդ մանկավարժներից։ Նա նաեւ հիշել է, որ նմանատիպ դեպք եղել է նաեւ 164 դպրոցի ուսուցիչների հետ եւ ցավեցրել է նրանց՝ այսպիսով պաշտպանելով ՀՀԿ պատիվը»,- մասնավորապես ասել է Անի Սամսոնյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ 30 եւ ավելի տարվա մանկավարժներին անգրագետ ու կիսագրագետ անվանող անձը իրավունք չունի հանրակրթության վարչության պետ աշխատել՝ պահանջելով Ստեփանյանի հրաժարականը։ Ավագանու անդամը նաեւ հիշել է, որ Աննա Ստեփանյանը դիտորդի կեղծ վկայականով ժամանակին ընտրատեղամասում աշխատում էր ՀՀԿ-ի օգտին։

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը հայտարարում է, որ դպրոցի ղեկավարման հավաստագրի քննությունների ժամանակ ինքը հանձնաժողովի անդամներից մեկն է եղել, քննությունը վարել է ԿԳ փոխնախարար, հանձնաժողովի նախագահ Լուսինե Առաքելյանը եւ հավակնորդների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք ու լարված մթնոլորտ չի եղել: «Ցավում եմ, որ ավագանու անդամը կարող է միակողմանի, առանց լսելու դիմացինի կարծիքը, նման հայտարարություններ անել, որովհետեւ այսօր մենք անհիմն շատ բողոքներ ենք ստանում, եւ երկու կողմին անպայման լսում ենք եւ անում մեր մեկնաբանությունը: Այս պարագայում միակողմանի ելույթ ունենալը ուղղակի իրավունքների ոտնահարում էր եւ ավագանու լիազորությունների վերազանցում։ Ես հանձնաժողովի յոթ անդամներից մեկն եմ եղել, որն ընդամենը դրել է իր գնահատականը։ Մյուս վեցը կարող էին այս կամ այն թեկնածուին բարձր գնահատել եւ իմ դրած գնահատականը որոշիչ դեր չէր ունենա,- ասաց Աննա Ստեփանյանը՝ հավելելով։- Ես ինքս լինելով մանկավարժ, որեւէ մանկավարժի իմ գործունեության ողջ ընթացքում որեւէ վիրավորանք չեմ հղել։ Իսկ քննության մթնոլորտը եղել է խաղաղ, հանգիստ, ամբողջը վարել է փոխնախարարը՝ անգամ օգնելով, անգամ այն դեպքերում, որ չէին կարողանում որոշակի մեկնաբանություններ անել, ինքը նորից էր հարցադրումը անում եւ շատ բարեհամբույր ձգտում նրան, որ կարողանար ստանալ պատասխան։ Անի Սամսոնյանի ներկայացրածում անգամ մեկ բառ ճշմարտացի չէ, ամբողջը սուտ է, հերյուրանք է։ Եվ ասեմ ավելին, եթե անգամ մանկավարժները իրենք գրել էին կրթության նախարարին ուղղված նամակը, որտեղ ամեն ինչ կեղծիքի եւ ստի վրա էր հիմնված, ցավում եմ, որ այսօրվա մեր սերունդները վստահված են մանկավարժների, որոնք կարող են ստել»,- նկատեց հանրակրթության վարչության պետը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031