Վերջին հինգ-վեց ամիսների արդյունքները վկայում են, որ կառավարության գործունեությունը հազիվ թե կարելի է արդյունավետ համարել։ Տնտեսության մեջ ոչ միայն չի հաջողվում հեղափոխական աճ ապահովել, այլեւ ցուցանիշները գնալով վատանում են։ Որեւէ տեղաշարժ չկա սոցիալական ոլորտում։ Խնդիրների առջեւ է կանգնած նաեւ պետական բյուջեն։
Ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն, ինը ամիսների արդյունքներով թերակատարվել են բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը։ Եթե ծախսերի դեպքում դեռ ինչ-որ արդարացում կարող է գտնվել, ապա եկամուտների թերակատարումը դժվար է հիմնավորել։
Չնայած իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը խոստացել էր ապահովել բյուջեի՝ նախատեսվածից զգալիորեն ավել եկամուտներ, այնուհանդերձ չի կարողացել կատարել անգամ ծրագրված ցուցանիշները։ Իննամսյա ծրագիրը եկամուտների մասով թերակատարվել է 4,2 տոկոսով։
Այլ կերպ ասած, ծրագրված 985,1 մլրդ դրամի փոխարեն բյուջեի մուտքերը կազմել են 943,8 միլիարդ։ Նախատեսվածի համեմատ պակաս է ստացվել ավելի քան 43 մլրդ դրամ։
Տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ ցանկալի երեւույթները հիմք են տալիս ասելու, որ այս վիճակը գնալով խորանալու է։ Հավանաբար հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կառավարությունն ամեն ինչ արեց, որ երկիրը հաջորդ տարին մտնի առանց հաստատված պետական բյուջեի։ Մի բան, որ թույլ կտա խուսափել այն չկատարելու պատասխանատվությունից։
Եկամուտների համեմատ շատ ավելի ցածր է այս տարվա բյուջեի ծախսերի կատարողականը։
Պաշտոնական տվյալների համաձայն, ծրագրված իննամսյա ցուցանիշի շեղումը հասնում է 16 տոկոսի։ Խոսքը մեծ գումարի մասին է, որը կարող էր լուրջ ներարկում լինել տնտեսության համար։ Նամանավանդ վերջին շրջանում այն գրեթե զրկվել է մասնավոր կապիտալի հոսքերից։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում