«Քննարկումները շարունակվում են, եւ քանի դեռ որոշում չկա, ոչինչ չեմ կարող ասել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացին, ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը: Հիշեցնենք՝ վերջերս ՀՀ-ն ձեռնարկեց ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը, քանի որ նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի մեկի» հայտնի քրեական գործի շրջանակում՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար (ընթանում է նախաքննություն):
Մեկնաբանելով գնահատականները, թե վերոնշյալն ազդելու է ՀԱՊԿ-ում ՀՀ դիրքերի թուլացմանը, Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց. «ՀԱՊԿ-ում ՀՀ դիրքերը շատ ուժեղ են: Դրանք ավելի ուժեղ են, քան երբեւէ եղել են»: Ինչ վերաբերում է ռուսական մամուլում առկա տեղեկություններին, թե ՀՀ-ն մտադիր է ՀԱՊԿ-ում իր նախագահության իրավունքը ժամկետից շուտ փոխանցել Բելառուսին (նախագահելու է հաջորդ տարվանից), Ռուբեն Ռուբինյանը շեշտեց. «Որոշում չկա, չեմ կարող որեւէ տեղեկություն հայտնել: Մոտ ժամանակներս պարզ կլինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ