Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովուրդը «գրպանի դանակ» չէ կամ` «ինչքան ուզենք, էդքան կխփենք». «Փաստ»

Հոկտեմբեր 31,2018 10:17

Ընտրական օրենսգրքի շուրջ վերջին շրջանի խորհրդարանական քննարկումներում իշխանության ներկայացուցիչներից ոմանք պարբերաբար հնչեցնում էին այն միտքը, թե իրենց համար կարևոր չէ` ինչ օրենսգրքով կանցնեն ընտրությունները, քանի որ իրենք ամեն դեպքում հաղթելու են: Իհարկե, ճշմարտության առաջ չմեղանչելու համար նշենք, որ «մենք» բառը իշխանության ներկայացուցիչները հաճախ վարպետորեն փոխակերպում են «ժողովուրդ» բառով:

Հնչող հայտարարությունները մտահոգիչ են մի քանի առումով: Նախ, եթե անկախ օրենսգրքից իշխանությունը վստահ է իր հաղթանակի վրա, ապա որն է Ընտրական նոր օրենսգիրք մշակելու, այն ԱԺ բերելու, ԱԺ–ում թեժ բանավեճեր ունենալու ու ամեն գնով այդ օրենսգիրքն անցկացնելու իմաստն ու նպատակահարմարությունը: Արդյո՞ք նոր իշխանություններն այդքան ժամանակ և ռեսուրս ունեն, այդքան վստահ են իրենց տրված վստահության և ժամանակի անսպառ լինելու վրա, որ զբաղված են մի բանով, որն, ըստ իրենց, որևէ նշանակություն չունի: Պնդումները, թե իշխանությունները օրենսգիրքը փոխում են ոչ թե իրենց, այլ մյուս քաղաքական ուժերի, անգամ ՀՀԿ–ի համար, բացառապես աղքատ բարեկամի օգտին արվող զրույցներ են. պարզ է, որ քաղաքականության մեջ որևէ մեկը միակողմանի լավություն անելով չի զբաղվում:

Ավելի ազնիվ կլիներ պարզապես հայտարարել, որ անկախ ընտրությունները հաղթել– չհաղթելու դիլեմայից, կա հեղափոխության օրերին ստանձնած օրակարգն ու այդ օրակարգի կետերից մեկը՝ ԸՕ–ն բարեփոխելու խնդիր, որն էլ իրենք հետևողականորեն կյանքի են կոչում: Պարզապես այս դեպքում էլ կարիք կլիներ պատասխանելու այլ հարցի՝ եթե ԸՕ բարեփոխումը որպես հեղափոխության օրակարգ այդքան կենսական է, ինչու է այն երկրորդվել ընտրությունները շուտափույթ անցկացնելու մոտեցմանը:

Մտահոգիչ է վերոնշյալ հռետորաբանությունը նաև այլ իմաստով: Նախ՝ ամեն պատեհ–անպատեհ առիթով մրցակիցներին ժողովրդի ճնշմամբ սպառնալը, որն, ըստ էության, տպավորություն է թողնում, թե ժողովուրդը գրպանի դանակ է ու այն կարելի է կիրառել երբ և ինչպես ցանկանում են: Երկրորդ՝ ունենալով անվիճելիորեն ահռելի հասարակական վստահության պաշար, իշխանության ներկայացուցիչները անփութորեն վատնում են այն՝ կարծելով, թե այն անսպառ է: Ավելին, պատմությունը ցույց է տվել, որ «մեր դեմ խաղ չկա» կամ «ինչքան ուզենք, այնքան կխփենք» մոտեցումների հեղինակներին Հայաստանի քաղաքացին սիրում է պատժել: Գուցե ոչ հիմա, երբ հեղափոխական իշխանությանը վստահել է իր սպասելիքներն իրագործելու առաքելությունը, բայց այն պահից, երբ այդ առաքելության իրագործումը կասկածի տեղիք կտա: Վերջիվերջո, պետք է ազնիվ լինենք ու չխուսափենք արձանագրել, որ իշխանության հանդեպ հանրության վստահությունն ու համակրանքը վստահություն և համակրանք է կոնկրետ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Որքանո՞վ է ճիշտ, երբ այդ մեծամասամբ անձնական վստահությունն ու համակրանքը սկսում են սպառել մարդիկ, որոնց միակ արժանիքը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում՝ Նիկոլ Փաշինյանին մոտ հայտնվելն է եղել: Ինչպես ասում էր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը , առանց Սերժ Սարգսյանի քանի՞ ձայն կարող եք հավաքել, տղերք: Նույն այս ձևակերպումը հիմա տեղին է այլ բառերով՝ առանց Նիկոլ Փաշինյանի քանի՞ ձայն կարող եք հավաքել, տղաներ ու աղջիկներ

Նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունից հոգնած, այդ հոգնածությունն ու զզվանքը թոթափած ժողովուրդը գուցեև էմոցիոնալ է, գուցե ինչ–որ տեղ իռացիոնալ, բայց այդ էմոցիոնալությունն ու իռացիոնալությունը առիթ–անառիթ շահարկելը, ժողովրդի սպասելիքներն ու հույսերը «մեր դեմ խաղ չկա» մոտեցման հետ շփոթելը ճակատագրական կարող է լինել, եթե այդ սպասելիքների արդարացման փոխարեն շարունակվի դոմինանտ մնալ ներկայումս մոդայիկ դարձած հռետորաբանությունը: Ի վերջո, գործ ունենք հասարակության հետ, որն արել է անհնարին թվացողը, ու հիմա առավել քան երբևէ կարող է նույնը կրկնել, եթե հարկ լինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031