Վաղը, ըստ ամենայնի, «օրենքի ուժով» լուծարվելու է 6-րդ գումարման Ազգային ժողովը: Քաղաքական իմաստով, կարծում եմ, այդպես էլ պետք լիներ, եւ՝ որքան շուտ, այնքան լավ: Հեղափոխությունից հետո խորհրդարանն այս կազմով պոտենցիալ անկայունության աղբյուր է, եւ խնդիրը միայն այն չէ, թե ինչպես է ներկայիս Ազգային ժողովն ընտրվել, այլեւ այն, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերը: Դրանք, կայուն մեծամասնության բացակայության պարագայում, հեռու են ներդաշնակությունից, իսկ նման իրավիճակը, մեղմ ասած, կարող է վնաս բերել մեր պետությանը:
Խորհրդարանը պետք է լուծարվի, բայց դա չի նշանակում, որ բոլորիս հիմնական զբաղմունքը պետք է լինի հեռացած խորհրդարանի եւ հեռացած ՀՀԿ-ի հետեւից քարեր շպրտելը: Հասկանում եմ, որ դա այսօր նախընտրական քարոզչություն վարելու եւ, ինչու չէ, ներկայիս իշխանություններին քծնելու ձեւ է: Բայց եթե դարձյալ նայենք պետության տեսանկյունից, ապա «նախկիններին» պախարակելու միջոցով ինքնահաստատվելն օգտակար զբաղմունք չէ: Որովհետեւ պետության զարգացման պայմաններից մեկը ժառանգականությունն է՝ մերժելով վատը, գնահատելով լավը, իսկ հանցագործությունների հետ կապված խնդիրները թողնելով իրավապահներին:
Բացի այդ, պետությունը, վստահ եմ, պետք է հիմնված լինի մարդկային անսասան արժեքների վրա, այսինքն՝ Մարդուն պետք է առանձնացնել բոլոր տեսակի դուրեկան եւ անդուր արարքներից, եւ բոլոր պարագաներում դրսեւորել մարդկային վերաբերմունք: Ցավոք, սուր, լարված քաղաքական իրավիճակներում դա հազվադեպ է հաջողվում՝ կողմերը չեն խնայում միմյանց մարդկային արժանապատվությունը: Ընդ որում, բոլոր կողմերը, այդ թվում՝ ներկայիս ընդդիմությունը. օրինակ՝ Վիգեն Սարգսյանի վերջին աղմկահարույց գրառումը (անկախ ճիշտ կամ սխալ բովանդակությունից) իր մեջ պարունակում էր այդ տեսանկյունից անընդունելի ձեւակերպումներ:
Թե ինչ է նշանակում առանց նախապայմանների ընդունել Մարդուն, բացատրեմ պարզ օրինակով: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, կատարել է մեր պետության համար սխալ, վատ արարքներ: (Քրեական որակումներ չեմ տալիս, քանի որ դա, ինձ թվում է, բացառապես քննչական մարմինների եւ դատարանի իրավասությունն է): Բայց, ենթադրենք, նա քայլում է փողոցով եւ ձեռքը կոտրում է: Պե՞տք է նրան կարեկցել: Վստահ եմ, որ՝ այո, պետք է: Հիմա Քոչարյանի փոխարեն դրեք ձեր ամենաչսիրած, ամենամերժելի մարդուն, այդ թվում՝ քաղաքական կամ պետական գործչին: Դուք նրա հետ համաձայն չեք, նրանից նեղացած եք, դուք նրան մեղադրում եք, դատապարտում եք, բայց նա, միեւնույն է, մնում է մարդ:
Բաց լինել ցանկացած մարդու համար՝ այդպես եմ ես հասկանում Սիրո եւ Հանդուրժողականության մթնոլորտը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ