Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանական պատգամավորը փաստորեն հրահրում է, որ ԱԱԾ-ն խառնվի առաջիկա ընտրապայքարին. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 31,2018 09:30

Նախկինում ՀՅԴ-ական, հիմա ՔՊ-ական, դեռ գործող ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ մասնավորապես հայտարարել է, թե ՀՀԿ-ն… «կփորձի օգտագործել իր քրեաօլիգարխիկ համակարգի մնացուկները եւ նրանց շնորհիվ ռեյտինգային ընտրակարգով ձայներ հավաքել ու ԱԺ-ում ներկայություն ունենալ: Նրանք նաեւ զուրկ չեն փողերից, իսկ շատ մեծ փողերի դեպքում նրանք տեսականորեն կարող են վիճակ փոխել: Այդ պատճառով ԱԱԾ-ն պետք է հնարավորինն անի հայտնաբերելու նմանատիպ օջախները՝ հետեւանքները նվազագույնի հասցնելու համար: Սա ազգային հավատարմության խնդիր է, հետեւաբար անվտանգության մարմինները ինչ-ինչ միտումների դեմն առնելու համար պետք է այսօրվանից աշխատանքներ իրականացնեն»:

Իշխանական պատգամավորը փաստորեն հրահրում է, որ ԱԱԾ-ն խառնվի առաջիկա ընտրապայքարին: Ասենք, եթե ՀՀԿ-ն գնա որեւէ տեղ նախընտրական հանդիպման, ԱԱԾ աշխատակիցները պետք է արագորեն հասնեն այնտեղ, հետամուտ լինեն, թե ովքեր են մասնակցել ՀՀԿ նախընտրական հանդիպմանը, հետապնդեն քաղաքացիներին, «հրավիրեն զրույցի», ահաբեկեն, մի խոսքով:

Կարճ ասած, պետական ապարատի տեռոր պետք է իրականացվի քաղաքական հնարավոր մրցակիցների դեմ, ըստ Հովիկ Աղազարյանի, մի բան էլ դա փաթեթավորելով «ազգային հավատարմության խնդիր» գերինքնատիպ արտահայտությամբ:

Եթե բռնելու բաներ ունեին, ո՞վ է խանգարել բռնել մինչ օրս: Եթե ակնարկվում է ընտրակաշառքը, ապա ոստիկանությունը, նույն ԱԱԾ-ն, քննչական ու իրավապահ համակարգն ու «անհեռախոս» դատարաններն էլ չհաշված, Նիկոլ Փաշինյանի ու իր «Քաղպայմանագրի» տրամադրության ներքո են, կազմ-պատրաստ, ինչպես ասվում է, ու հրահանգվել է՝ «պառկեցնել ասֆալտներին», «ծեփել պատերին»:

Մեկեն իշխանասեր դարձած ԲՀԿ-ականների՝ Երեւանի ավագանու ընտրարշավի օրերին խուզարկված գրասենյակների ու ասֆալտին հայտնված թեկնածուների դեպքերը վկա: Ինչ-որ մեկը լրջորեն մտածում է, որ նման պայմաններում «թաղային հեղինակությունները» իշխանության դե՞մ են աշխատելու: Առավել եւս, որ քիչ չեն խոսակցությունները, թե այդ «հեղինակությունները» դեռ կաթսա զարկելու եւ «սիգնալ տալու» օրերից ծառայության են անցել կամ ձգտում են ծառայության անցնել, այսպես ասած, «նոր իշխանություններին»:

Մեկնումեկը ընտրակաշառքի կամ ընտրողների կամընտրության վրա ազդելու փորձ կանի՞, ի՞նչն է խանգարում, որ ժողովրդական ոստիկանությունն ու ժողովրդական ԱԱԾ-ն, ինչպես ասվում է՝ բռնեն ու պատժեն նման եղկելի սուբյեկտներին:

Մեկ այլ հարց է ծագում, ի դեպ, այս «ռեյտինգայինի» հետ կապված: Իսկ հնարավո՞ր է, որ «Քաղպայմանագիրը», ի դեմս Հովիկ Աղազարյանի ու ոչ միայն նրա, այդ ընտրակարգից մտահոգվում է, որովհետեւ իրենք տարածքներում ներկայացնելու թեկնածուներ չունեն, չունեն այնպիսի կադրեր, որոնց նայելով՝ մարդ ցանկանար իրենց ընտրել: Որոշակի առումով դա խնդիր է, քանզի բազմաթիվ նոր ու նաեւ որոշ հին կերպարներ քաղաքական արենայում հայտնվել կամ վերահայտնվել են զուտ Նիկոլ Փաշինյանի այժմ ունեցած վարկանիշի հաշվին:

Այսինքն՝ կա հասարակական-քաղաքական գործընթացների ընթացիկ փուլում, պատմական այս ժամանակահատվածում շատ բարձր վարկանիշ ունեցող Փաշինյանը, եւ կան մի խումբ քաղաքականացված կերպարներ, որոնք այդ վարկանիշի շահառուներն են: Եթե նրանք առանց Փաշինյանի հանդես գան ժողովրդի առաջ, ապա հազիվ թե կարող են որեւէ հաջողության հույս ունենալ:

Բայց նախօրեին, օրինակ, փաստորեն փլուզված «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում հայտարարեց, որ իրենք շատ լավ պատրաստ են ռեյտինգային ընտրակարգին: Ի՞նչն է խանգարում, որ մյուսներն էլ պատրաստ լինեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031