Թրամփը դեռ մեկ ամիս առաջ էր արձանագրել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջանային այցի ընթացքում ուղերձները Արցախի հարցում թեժ քննարկումների առիթ են հանդիսացել: Ասել, որ ամերիկյան կողմը հակամարտության կարգավորման գործընթացում նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս, չափազանցություն կլինի, սակայն այն, որ ամերիկյան կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կողմերի հետ աշխատանք կտանի՝ իր շահերն առաջ տալու ճանապարհին ունենալով իր հետաքրքրությունները, աներկբա է:
Այստեղ նախ պետք է վերհիշենք սեպտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Թրամփի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի հասարակությանը՝ ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: ԱՄՆ նախագահն իր ուղերձում, մասնավորապես, ասել էր. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաեւ նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տեւական խաղաղ լուծում գտնելու շուրջ»:
«Առաջիկա ամիսների հնարավորությունն», այսպիսով, Վաշինգտոնի օրակարգում արձանագրվել էր դեռ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցերից առաջ: Հետեւաբար Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանից «վճռական քայլեր» ակնկալելու վերաբերյալ ակնարկն այդ տեսանկյունից առավել քան պարզ էր: Բոլթոնի այցի ուղերձներն այս առումով առավել քան պերճախոս էին: Հստակ է նաեւ, որ Բոլթոնի այցի համատեքստում Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մրցակցությունը մեծացավ, մինչդեռ այդ մրցակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հազիվ թե դրական անդրադարձ ունենա կարգավորման գործընթացի վրա: Սա է, որ պաշտոնական Երեւանը պետք է նկատի ունենա:
«Հասկանալի է, որ որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար»
Սպասելի էր, որ Բոլթոնի հայտարարություններին պաշտոնական Երեւանը կարձագանքի: Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, թե Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակը լավ հնարավորություն կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, պարզաբանեց. «Գիտեք, ամեն մեկը խոսում է իր անունից: Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, եւ Ջոն Բոլթոնը, եւ ընդհանրապես որեւէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Հնարավորություններ կտա, բայց ես ասեմ, որ չի կարող լինել լուծում, որն ընդունելի չի լինի Հայաստանի, Արցախի ժողովրդի եւ Արցախի իշխանությունների համար»: Նա նաեւ հավելեց, որ համացանցում որոշ մարդիկ ԼՂ հարցի հետ կապված «մինի փոթորիկներ» են կազմակերպում՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ չի կարող լինել որեւէ լուծում, որն ընդունելի չի լինի Հայաստանի եւ Արցախի ժողովրդի համար:
Սակայն նկատենք, որ Փաշինյանը, այնուամենայնիվ, շեշտեց փոխզիջման անհրաժեշտությունը՝ հավելելով. «Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանալի է, որ որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք որեւէ լուծման պարագայում պետք է լինենք հրապարակային: Մարդիկ էլի հին սովորություններով են առաջնորդվում: Ինչպես իրենք կուլիսներում արդեն որոշում էին եւ փորձում էին ժողովրդի հետեւում ինչ-որ բան անել, մենք նման գործելաոճ չենք ունենալու, որովհետեւ ես չգիտեմ, թե նախկինում ոնց են համարել, բայց ես չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծողը որեւէ կառավարություն է կամ ես, կամ որեւէ վարչապետ: Ղարաբաղի հարցը լուծող-չլուծողը հայ ժողովուրդն է եւ կոնկրետ՝ Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը եւ տվյալ դեպքում նաեւ Սփյուռքը, որովհետեւ սա համահայկական հարց է: Նրանք գնում են այն տրամաբանությամբ, որ Ղարաբաղի հարցը սեփականաշնորհել էին իրենց, հիմա էլ փորձում են սեփականաշնորհել ինձ՝ առանց իմ կարծիքը հարցնելու: Մի սեփականաշնորհեք, որովհետեւ ես Ղարաբաղի հարցի լուծող չեմ, որովհետեւ այդ հարցի լուծողը Հայաստանի ժողովուրդն է»,- նշեց Փաշինյանը:
Ինչպե՞ս է հասարակությունը մասնակցություն ունենալու, ինչպե՞ս է որոշելու՝ կարգավորման այս կամ այն տարբերակին կո՞ղմ են, թե՞ դեմ, այսինքն՝ գաղտնի բանակցությունները ժամանակ առ ժամանակ հրապարակայնացվելո՞ւ են, թե՞ դրանց առանձին հատվածներ են միայն հանրությանը ներկայացվելու: Կամ՝ նույն կերպ վարվելո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները, ներկայացնելո՞ւ են իրենց հասարակությանը, թե ինչ են պատրաստվում զիջել հայկական կողմին՝ հանուն խաղաղության:
Անդրադառնալով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ ինքը ցանկացած հանդիպման ժամանակ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին խոսում է. «Բայց, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մեզ հաջողվել է շատ արագ կոնկրետ քայլեր իրականացնել եւ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, այդ թվում՝ զինադադարի վիճակի շատ թե քիչ պահպանման ուղղությամբ, հիմա դրանից գո՞հ են, թե՞ դժգոհ են»,- ընդգծել էր նա:
]«Հայաստանը կարող է դիտարկել ամերիկյան զենք գնելու հնարավորությունը, եթե…»
Կառավարությունը որեւէ բանով սահմանափակված չէ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկին. «Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք»։
Ամերիկյան զենքի վաճառքի թեման, թերեւս, այն թեման է, որը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս առումով, հասկանալի է, պաշտոնական Երեւանը զգուշավորություն է ցուցաբերում:
Ամերիկյան զենքի թեմային անդրադարձել է նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ազատության» հետ զրույցում նա, խոսելով ամերիկացի պաշտոնյայի կողմից զենքի վաճառքի թեմայով աղմկահարույց հայտարարության մասին, թե՝ «ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը», նշել է. «Ընդամենը հայտարարությունների մակարդակում է դեռ զենքի վաճառքը, որեւիցե կոնկրետ քննարկում այդ առումով չի եղել։ Միացյալ Նահանգները 907-րդ բանաձեւի հետ կապված քաղաքական հայտարարություններ է արել, բայց մեր ընկալումները այսպիսին են՝ մենք գտնում ենք, որ տարածաշրջանում սպառազինությունը հնարավորինս մինիմումի պետք է հասցվի։ Սպառազինությունների մրցավազքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւիցե ձեւով չի օգնում, որպեսզի հակամարտությունը լուծվի, իսկ Հայաստանը միանշանակ կողմ է, որպեսզի հակամարտությունը լուծվի, իսկ եթե մենք կողմ ենք հակամարտությունը լուծելուն, ապա դա նշանակում է, որ սպառազինությունների մրցավազքը պետք է կանգնեցնել, եւ մեր դիրքորոշումը այս հարցում ավելի շատ այդ տեսանկյունից է»։ Հարցին, թե տեսականորեն կա՞ այդ հնարավորությունը, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Ընդամենը դրանք հայտարարություններ են, որեւիցե կոնկրետ բան չկա, մենք չենք կարող որեւիցե բան ասել այդ առումով»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության՝ Միացյալ Նահանգների կողմից զենքի թեմայով բաց խոսակցությունն իհարկե նոր իրավիճակ է ստեղծում: Պաշտոնական Երեւանը մինչեւ «թավշյա հեղափոխությունը» քննադատել է Ռուսաստանին Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով՝ հիմնավորմամբ, որ դա նպաստում է լարվածության աճին, եւ դրա արդյունքում Ալիեւն անպատժելիի դերի մեջ մտած՝ ավելի ու ավելի սանձարձակ է դառնում, որն էլ, ի վերջո, հանգեցրեց ապրիլյան պատերազմին:
Ինչ մթնոլորտ կձեւավորվի, եթե ապագայում էլ Միացյալ Նահանգները խախտի իր այն սկզբունքը, որ Ղարաբաղյան խնդրի պատճառով չի կարող զենք վաճառել կողմերին: Կստացվի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներից երկուսը, որոնք կոչված են խաղաղ կարգավորմանը նպաստելու, զինում են կողմերին՝ թեկուզ հայտարարելով, որ բալանս են պահպանելու: Իսկ եթե հավասարակշռությունը խախտվի՞… Իհարկե, այդ դեպքում, մթնոլորտը տարածաշրջանում առավելապես լարվածության աճին կնպաստի:
Փաշինյանի կառավարության համար կարեւոր է մի հանգամանք, որը, կարծես, մոռացության է տրվում: Ադրբեջանին՝ որպես ապրիլյան պատերազմի պատասխանատու, մոռացության տալը թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան կողմից հող է նախապատրաստելու երբեւէ այդ սցենարի կրկնության համար: Այնպես որ, ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելը եւ դրա մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մակարդակով անընդհատ հիշեցնելը, նրանց համատեղ հայտարարություններում ներառելը խիստ կարեւոր է՝ անկախ նրանից, թե շփման գծում եւ սահմաններում այս պահին հարաբերական անդորրի ինչ աստիճան է:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 30.10.2018