Ասում է «Դրո գործով» ցմահ դատապարտյալ
Արմենակ Մնջոյանի դուստրը` Լաուրա Մնջոյանը
-Դուք երկու օր առաջ մասնակցեցի՞ք ԱԺ շենքի դիմաց կազմակերպված ցմահ դատապարտյալների հարազատների հանրահավաքին: Ի՞նչ էիք պահանջում, երբ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեկ օր առաջ է դրվել շրջանառության մեջ:
-Համաներման մասշտաբը չգիտենք, կար միայն արդարադատության նախարար պարոն Զեյնալյանի հայտարարությունը, որ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ լինելու է նախադեպը չունեցող համաներում, այնուամենայնիվ, մենք մտահոգված էինք, որ համաներման փաթեթում չէր լինի ցմահների կատեգորիան: Եվ քանի որ տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, անշարժությունից դեպի շարժունակության ընթացք է, ուստիեւ որոշեցինք, որ մինչեւ այժմ ցմահների լճացված, անշարժ գործը տեղափոխել հեղափոխական շարժունակության սահմաններ, այսինքն, առաջարկեցինք կառավարությանը, Ազգային ժողովին ցմահների խնդիրը ներառեն համաներման փաթեթի մեջ:
-Տեղյա՞կ եք, որ ԱԺ-ն որոշեց երկու օր առաջ, որ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 29-ին: Ի դեպ, նախագծի 11 կետով սահմանված է` համաներում չկիրառել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։
-Այսօր տեղեկացանք, որ ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա ավելի ուշ, եւ ենթադրում ենք, որ նախագծով սահմանված 11-րդ կետը փոփոխության կենթարկվի, այլապես հեղափոխությունը կշրջանցի արդարադատության ոլորտը, ինչը կնշանակի, որ նոր կազմավորվող Հայաստանը նախկինների պես կդեգերի անարդարության շավիղներում, գրեթե վստահ ենք, որ իշխանությունները չեն հրաժարվի հեղափոխական՝ առողջացման սկզբունքներից եւ առաջնակարգ համարելով արդարության վերականգնումը, ոչ միայն ջանք չեն խնայի արդարության վերականգնման համար եւ իշխանություններն էլ պիտի վստահ լինեն, որ հանուն արդարության վերականգնման՝ հայ ժողովուրդը միշտ էլ կկանգնի իրենց կողքին, ինչպես որ մեկ անգամ հայրս` Արմենակ Մնջոյանը նշել էր, որ «հայ ժողովուրդը բարձր հոգեւոր արժեքներ կրող ժողովուրդ է եւ ուղղորդվում է միայն ոգու բարոյականության սկզբունքներով»:
–Արդյոք հարազատների հետ նախագծի քննարկում տեղի՞ է ունեցել, որեւէ քննարկման Դուք հրավիրվե՞լ եք, կամ՝ ի՞նչ են ասում Ձեր հարազատները` դատապարտյալները, նրանց վերջին անգամ ո՞վ է լսել այս հարցի հետ կապված:
-Որքանով որ տեղյակ եմ, վերջին քննարկումը ցմահ դատապարտյալների հետ տեղի է ունեցել տարիներ առաջ, այն ժամանակվա ԱՆ նախարար Գ.Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում եւ անձամբ իր նախաձեռնությամբ, կոնկրետ մեզ հետ երբեւիցե ոչ միայն քննարկում, այլ նաեւ որեւէ առաջարկություն չի եղել:
-Արսեն Արծրունին դիմել է ՍԴ, վիճարկելով իր նկատմամբ կատարված տույժերի հիմքերը. ըստ նրա, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը ընդունի եվրոպական այն մոտեցումը, ըստ որի՝ բանտախուցը բանտարկյալի բնակարանն է, ապա դատապարտյալների այն տույժերը, որոնք որոշվել են խցերում կատարված խուզարկությունների արդյունքում` կջնջվեն, որովհետեւ որեւե մեկի տուն չի կարելի ներխուժել առանց դատարանի որոշման: Մտադի՞ր է Ձեր հայրիկը դիմել ՍԴ:
– Ստույգ պատասխան չեմ կարող տալ, թե հայրս կդիմի ՍԴ, թե ոչ: Եթե հիշում եք, հայրս նախկինում մի քանի անգամ հայտարարություններով հանդես էր եկել, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության բռնի իշխանությանը, նրա արդարադատությանն ու կառավարման ինստիտուտներին, ենթադրելով վերոնշյալ հայտարարությունները՝ կարելի է հասկանալ, որ չի դիմի ՍԴ, քանի որ Հայաստանում դեռեւս գործում են բռնի իշխանությունների թափթփուկները՝ կառավարման տարբեր կառույցներում:
Արսեն Արծրունու՝ ՍԴ դիմելու քայլը ավելի շատ քաղաքական ակտ էր, ապտակ՝ ուղղված նույն բռնի իշխանություններին, քան նախկին պատիժների վերացումը: Սա իմ անձնական կարծիքն է:
Հարցազրույցը`
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
30.10.2018