Նվագախմբի փողային կազմի յուրաքանչյուր առաջատար արտիստ իր գույնն է հաղորդում հնչողությանը, թեեւ գործիքներն արդեն տարբերվում են իրենց հնչողության տեմբրային հատկանիշներով: Յուրաքանչյուր գործիքավարի նվագի մեջ իր ներքին զգացողությունները, բնավորության իր գծերն է այս կամ այն չափով արտահայտվում: Ճիշտ կազմակերպել շնչառությունը, մեղեդու կառուցվածքը, դինամիկայի հարաբերականությունը, ունենալ տեմբրային հարուստ գունապնակ եւ կարողանալ անկաշկանդ օգտվել նրանից:
Այս ամբողջ հարստությամբ օժտված է երիտասարդ ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը: Եռանդով լի, յուրահատուկ հումորով, անմիջական, տաղանդավոր երաժիշտ: Հաճախ է հանդես գալիս իբրեւ մենակատար, նաեւ՝ անսամբլիստ: Մենանվագելիս նա հիացնում է իր երաժշտականությամբ, լիդերային հատկանիշներով, որոնք հրաշալիորեն կարողանում է ներդաշնակել անսամբլի կամ նվագախմբի հնչողությանը, մաս կազմելով ձուլվել նրան, չկորցնելով գլխավորը լինելու զգացողությունը: Կարեւորագույն հատկանիշ: Նրա նուրբ լսողությունը հուշում է, թե այս կամ այն հատվածում ինչպիսին պետք է լինի իր արտաբերած հնչողության չափաբաժինը, դինամիկ ուժգնությունը: Ընդհանրապես, գործիքին՝ տեխնիկական եւ հնչողական առումով, տիրապետում է գերազանց: Լինելով բնածին կուլտուրայի տեր անձ- երաժիշտ, նրա նվագը աչքի է ընկնում հնչողության արիստոկրատիզմով, ինչը ոչ միայն շոյում է լսողի ականջները, այլ նաեւ հաղորդվում է կատարվող ստեղծագործության բովանդակությունը կատարման ազնվության հետ: Նիկոլայ Պողոսյանը ունի նյութի մեջ ներթափանցելու, այն ներսից ճանաչելու ձգտում եւ կարողություն: Անհանդուրժող է ոչ ճիշտ պահանջների դեպքում եւ նրա հայացքը մատնում է իր ներքին ըմբոստությունը:
Նիկոլայը հավասարապես հանդես է գալիս եւ՛ դասական, եւ՛ ժամանակակից ծրագրերով: Նրա կատարողական արվեստում չկա անհարգի աճապարողականություն, սվաղվածություն, կարողանում է հաղորդել կոմպոզիտորի ոճային առանձնահատկությունները, տիպականը: Դժվար է ասել, նա զգացող, թե մտածող երաժիշտ է: Հավանաբար, ճիշտ կլինի ասել, որ Նիկոլայը կարողանում է արտահայտիչ կերպով տալ զգացողական եւ մտավոր աշխարհների նրբագույն փոփոխությունները: Նա կարողանում է պերսոնաֆիկացնել ստեղծագործության մեղեդի-թեմաները, ստեղծելով հետաքրքիր, կոմպլեմենտար փոխհարաբերություններ: Նրան, միաժամանակ, հատուկ է արտահայտման նրբագույն նյուանսիրովկան եւ էքսպրեսիվ ուժը: Ունի մի կարեւոր հատկություն՝ գեղարվեստական չափի զգացողություն: Նիկոլայը հավասարապես տիրապետում է գործիքի բոլոր ռեգիստրներին: Նրա վերին եւ ներքեւի ռեգիստրները հնչում են վայելուչ, չեն դառնում կոկորդային ճղճղոց կամ անորոշ, անհասկանալի փնթփնթոց, անէսթետ՝ ականջի համար: Հնչողությունը ունի թռիչքայնություն, սլանալու հատկություն: Ինտոնացիան՝ բոլոր ռեգիստրներում, արտահայտիչ է, ճշգրիտ, մաքուր: Արտիկուլյացիան հստակ է, հնչյունը՝ երբեք գռեհիկ: Գերազանցորեն տիրապետում է լեզվատեխնիկական-շտրիխային հմտություններին: Կարողանում է ի հայտ բերել այս հրաշալի գործիքի՝ ֆագոտի, բնութագրական հատկանիշները:
Նիկոլայ Պողոսյանը հրաշալի գիտի տարբեր դարաշրջանների կատարողական դպրոցների առանձնահատկությունները, որոնք էականորեն տարբերվում են իրարից, եւ լավ է զգում ժանրային տարբերություններն ու պահանջվող ձայնի տեսակն ու կատարման տեխնիկան: Նրա վառ անհատականությունը, որոշակի գիտելիքները, ինտուիցիան օգնում են ճիշտ կողմնորոշվել ստեղծագործության ֆակտուրայի բարդ հատվածներում՝ դիրիժորական հոտառության առկայություն….
Նիկոլայ Պողոսյանը սիրված ընկեր է եւ փնտրվող երաժիշտ, ում հետ աշխատելը տալիս է միասին ստեղծագործելու մեծագույն գեղարվեստական հաճույք: Հասկանալի է, որ Նիկոլայը գտնվում է ինքնաճանաչման եւ գեղարվեստական ընկալումների սահմանների ընդլայնման պրոցեսի մեջ, գեղարվեստական խնդիրները ճշտելու, նոր ուղիների որոնման մեջ: Դրանք անհրաժեշտ են իբրեւ երաժիշտ՝ գեղարվեստական ավելի բարձր նվաճումների հասնելու, խորը ինքնաճանաչման, սեփական ներաշխարհի նրբագույն, նոր կողմերը ի հայտ բերելու համար:
Հուսանք, որ մարդկային եւ գեղարվեստական զարգացման ճանապարհին նա չի ունենա կանգառներ եւ տարիների ընթացքում կպահպանի ու կզարգացնի այն վսեմ տարվածությունը, հափշտակվածությունը, որի համար իրեն սիրում եւ գնահատում են:
ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
դիրիժոր
«Առավոտ»
30.10.2018