Հոկտեմբերի սկզբին Բաթումում շախմատի համաշխարհային օլիմպիադային զուգահեռ անցկացվեց ՖԻԴԵ-ի համաժողովը, որտեղ շախմատի համաշխարհային կազմակերպության նախագահ ընտրվեց Ռուսաստանը ներկայացնող Արկադի Դվորկովիչը, որն այդ պաշտոնում փոխարինեց 23 տարի ՖՒԴԵ-ն ղեկավարած իր համերկրացի Կիրսան Իլյումժինովին:
Իլյումժինովը շատ կցանկանար կրկին առաջադրվել, սակայն վերջին երկու-երեք տարիների ընթացքը, մասնավորապես, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության սեւ ցուցակ ընդգրկվելը, ՖԻԴԵ-ին կանգնեցրել էին բանկային եւ այլ ֆինանսական գործառույթների խնդիրների առջեւ: Այս եւ այլ հանգամանքներ ՖԻԴԵ-ին հարկադրել էին Իլյումժինովին արգելել նոր առաջադրման: Համաժողովում ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու էին նաեւ Գեորգիոս Մակրոպոլուսը եւ Նայջըլ Շորթը:
Դատելով նրանից, որ Դվորկովիչը մինչեւ ընտրվելը ժամանել էր Երեւան, պետք է ենթադրել, որ Հայաստանն ընտրություններում սատարել է հենց նրան:
Իսկ ո՞վ է Արկադի Դվորկովիչը: Նա եղել է ՌԴ նախագահի օգնականը, վարչապետի առաջին տեղակալը, նրան էր վստահվել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպումը: Հիմա Դվորկովիչը նաեւ մերձմոսկովյան Սկոլկովո քաղաքում գտնվող մի խոշոր գիտական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Նրա կինը՝ Զումրուդ Ռուստամովան, ադրբեջանուհի է, խոշոր գործարար ու սեփականատեր:
Իրազեկ շրջաններում ասում են, թե Դվորկովիչը ոչ մաքուր մեթոդներով է եկել հաղթանակի, որ նա ֆինանսական մեծ աջակցություն է ունեցել շատ կազմակերպություններից, որոնց հետ աշխատել է: Ասում են նաեւ, որ դրանց գումարները ուզում է բերել ՖԻԴԵ:
Հայաստանի շախմատին Դվորկովիչը ինչ-որ բանում կարո՞ղ է օգտակար լինել: Առայժմ դժվար է ասել: Ամեն բան պարզ կլինի մեկ-երկու տարվա ընթացքում: ՖԻԴԵ-ի ղեկավար կազմը գրեթե 90 տոկոսով փոխվել է: Փոխնախագահներից մեկը ադրբեջանցի միլիարդատեր Մաիր Մամեդովն է, որը Դվորկովիչի մտերիմներից է եւ նրան շատ է օգնել ընտրություններում: Մամեդովը տասը տարի նաեւ Վրաստանի շախմատի ֆեդերացիայի լիակատար հովանավորն է եւ ֆինանսական, գույքային մեծ ներդրում է ունեցել Բաթումում օլիմպիադայի կազմակերպման գործում:
ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններից հետո տպավորությունները հակասական են, ապագան՝ մեզ համար անորոշ: Դվորկովիչի հիմնական մրցակիցը՝ Գեորգիոս Մակրոպուլոսը, ուզում էր, որ ՖԻԴԵ-ն լինի անկախ դրսի ամեն մի ազդեցությունից, իսկ հիմա ղեկավար կազմը գրեթե 90 տոկոսով փոխվել է, մարդիկ են հայտնվել, որոնք պետք է դրսից գումարներ բերեն: Դրանով ՖԻԴԵ-ն կարող է ինչ-որ ձեւով կորցնել անկախությունը: Եվ չի կարելի բացառել, որ ադրբեջանական գործոնի հետեւանքով հայկական շախմատը կարող է նաեւ որոշ դիրքեր կորցնել, մանավանդ, որ Հայաստանը անգամ ՖԻԴԵ-ի ոչ մի հանձնաժողովում ներկայացուցիչ չունի:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝
sport.mediamax.am-ի