Երիտասարդ հայ նկարչուհի Արմինե Աղայանցը անցել է փոքր ուղի, չնայած դրան՝ արդեն մեծ ճանաչում ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում: Վերջերս Երեւանում կազմակերպվեց նրա աշխատանքների ցուցահանդեսը, որի հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով:
Տարբեր երկրներ շրջագայելով՝ բազում ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանում: Նրա կտավներում ցայտուն կերպով երեւում է հայ ազգային ոգին: Ինչպես ինքն է ասում, հայի կտավներում չեն կարող այլ երկրի ազգային դետալներ լինել: Որքան էլ ապրես արտասահմանում, հայկական արմատներն ու հայի հոգին չեն խունանա: Շատ հայ նկարիչներ ապրել են արտասահմանում, սակայն իրենց նկարներում պահպանել են հայ ազգային նկարագիրը:
«Ընկերուհիս հաճախում էր Հ. Կոջոյանի անվան արվեստի դպրոց: Տեսնելով նկարներս՝ առաջարկեց՝ ես ել հաճախեմ նկարչական դասերի: Երբ մատիտը վերցրի ձեռքս, այլ էին պատկերացումներս: Մանուկ հասակում այնքան զարգացած չէի, որպեսզի միտքս եւ ձեռքս նույն պատկերացումով շարժեի: Ժամանակի ընթացքում միտքս ավելի զարգացավ, եւ հմտորեն կարողացա միտքս արտահայտել կտավի վրա»,-իր մանկությունն է հիշում նկարչուհին:
Ցանկացած արվեստագետ ինչ-որ տեղ, ինչ-որ հարցում ունենում է խնդիրներ, խոչընդոտներ կամ պարզապես տարբեր մոտեցումներ: Նկարիչները եւ, այսպես ասած՝ ոչ նկարիչները ունեն տարբեր աշխարհայացքներ եւ անհամաձայնությունն է առաջնային խնդիրը արվեստագետի համար: Նկարչուհու պատկերացմամբ արվեստը իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ է:
Ինչպես Վան Գոգն է ասել. «Ես երազում եմ եւ հետո երազանքս պատկերում կտավի վրա»: Այս մտքով է շարժվում նաեւ Արմինեն: Արմինեի համար ցանկացած մանրուք կարեւոր է: Սովորական մարդիկ կարող են չնկատել իրենց շրջապատող գեղեցիկը, իսկ նկարիչը կնկատի եւ կպատկերի իր նկարներում: Արմինեի կարծիքով, արվեստագետի համար ամենակարեւոր դետալն այն է, որ իր աշխարհը ստեղծի: Որպեսզի այդ աշխարհը չշփոթի ոչ մեկի հետ:
Ցանկացած արվեստագետ իր հոգու մի մասն է դնում իր ստեղծագործության մեջ: Յուրաքանչյուր կտավ ստեղծելիս նկարչուհին իր հոգին յուրովի ներդնում է: Նա կտրվում է աշխարհից եւ ամբողջությամբ նվիրվում իր գործին՝ հոգեվիճակը փոխանցում կտավին:
«Նկարներս յուրատեսակ բանաստեղծություններ են»,- իր աշխատանքներն այսպես է բնորոշում Արմինե Աղայանցը:
ԱՆԺԵԼԻԿԱ ՈՍԿԱՆՅԱՆ
«Առավոտ»
30.10.2018