Բարեկամավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, Ադրբեջանին սահմանակից գյուղ է: Այն մարզկենտրոն Իջեւանից հեռու է 58, Նոյեմբերյան քաղաքից`33 կմ: Բարեկամավանի բնակիչները մեզ դժգոհել են, որ գյուղի հիմնական աղբյուրը գրեթե ցամաքել է, դա հետեւանք է այն բանի, որ գյուղի խորքային հորից պոմպի միջոցով ամեն օր ջուր է մղվել դեպի թաղամասեր, որի հետեւանքով հորի հետ նույն ակունքից սնվող աղբյուրի ջուրը խիստ նվազել է: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ խորքային հորից սնվող ջրամղիչ պոմպի ամենօրյա աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է, այն գործարկվում է ընդմիջումով, սակայն եթե որեւէ թաղամասին հարկ է հրատապ ջուր մատակարարել, ջրմաղիչ պոմպը գործի է դրվում:
Ջ. Միքայելյանն ասաց, որ գյուղի հիմնական, բարակած աղբյուրից զատ սահմանամերձ գյուղի ներքեւում մի աղբյուր կա: Նրա խոսքերով`այս տարի սակավաձյուն էր, ամռանն էլ երաշտ էր, այդ պատճառով գյուղի բոլոր աղբյուրները ցամաքել են: Բարեկամավանի վարչական ղեկավարը հայտնեց, որ երբ բարեկամավանցիները ավտոմեքենայով գյուղից դուրս են գալիս, իրենց հետ ջրամաններ են վերցնում, վերադարձին հարեւան Կոթի գյուղում կամ մեկ այլ տեղ դրանք ջրով լցնում, գյուղ են տեղափոխում: Սպասվում է , որ առաջիկա տեղումներից հետո, գետնում խոնավության աճի արդյունքում Բարեկամավանի աղբյուրների ջուր կավելանա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ