«Քաղաքացիական շարժումը, ոգեւորվելով հեղափոխությամբ, շատ դեպքերում իր սկզբունքներին դեմ է գնում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Շատ վտանգավոր տենդենց է, երբ քաղաքացիական հասարակությունը կամ մարդու իրավունքների պաշտպանները ընդունելի են համարում մարդու իրավունքների խախտումները, որովհետեւ վատ մարդկանց նկատմամբ է արվում, կամ թշամիների: Սա շատ վտանգավոր է, որովհետեւ հետո էլ դու խոսելու տեղ չես ունենա»,- այսօր «Human rights house»-ի գրասենյակում «Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիայի» կազմակերպած «Ատելության քարոզը քաղաքական մանիպուլյացիաների համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:
Նրա համար տարակուսելի էր՝ ինչպե՞ս են այդ իրավունքների պաշտպանները մի կողմից պաշտպանում ԱԱԾ պետի՝ դատավորին հրահանգներ տալը, բայց դատապարտում գաղտնալսողին, նրան, ով ձայնագրությունն արել է. «Շատ լավ է, որ արել են, դու իմացել ես, չէ՞, ոնց են հարցերը լուծվում նոր Հայաստանում: Քաղհասարակության շատ ներկայացուցիչներ իրենց սկզբունքներին դեմ են գնում, օրինակներ շատ կան: Նման ատելության խոսք, ոնց որ եղել է հեղափոխությունից հետո, հեղափոխությունից առաջ նման բան չի եղել, հազարապատիկ ավելի է հիմա սոցցանցերում, հայհոյանքներ եւ այլն, ո՞ր խոսքի ազատության պաշտպանության կազմակերպությունն է դա դատապարտել՝ ոչ ոք, ո՞վ ասեց եկեք մոնիտորինգ անենք, պատժենք մի երկու հոգու դատարանում, որ մյուսների համար դաս լինի՝ ոչ ոք: Եվ ո՞նց կարող են նրանք խոսքի ազատությունը պաշտպանել, երբ որ մի բառ չեն ասում, որ ատելության խոսքը սարսափելի մակարդակի է հասնում: Այստեղ նորից քաղաքական նպատակահարմարության հարց կա»:
Ստեփան Դանիելյանը սրան առնչվող մի անեկդոտ պատմեց. «Հայ ավանդական ընտանիքում մարդ ու կնիկ նստած խոսում են, կինն ասում է՝ լավ, այ մարդ, արի անկեղծ խոսանք, էլի, խի՞ քեզ «լեւի» գնալ կարելի է, ինձ չի կարելի: Մարդը պատասխանում է՝ երբ որ քեզ վատ բան են անում, դա մեզ են անում, երբ որ ես եմ անում, դա մենք ենք անում: Հիմա այս սկզբունքն այսօր քաղհասարակության սկզբունքն է դարձել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ