«Քրեական գործի նյութերում հնարավոր չէ գտնել անգամ մեկ ապացույց առ այն, որ Ալիկ Բանդուրյանն առնչվում է այդ դեպքի հետ: Հետեւաբար, նա ենթակա է արդարացման»,-Ալիկ Բանդուրյանի պաշտպանական ճառն այսպես ամփոփեց նրա շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը (լուսանկարում): Այսօր քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն էր:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» մականվամբ: Ըստ մեղադրանքի՝ «Լիա»-ի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով հարվածել են Մուշեղ Մուշեղյանին, որն էլ ի պատասխան ատրճանակով կրակոցներ է արձակել. մահացել է Գևորգ Ավետիսյանը, ծանր վիրավորվել՝ Արամ Պետրոսյանը (որը Պետրոս Իսրայելյանի՝ «Չարբախցի Գեղամի» շրջապատից է):
«Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցություններն իրավապահների կողմից գաղտնալսվել են ապօրինի կերպով՝ առանց դատարանի համապատասխան թույլտվության: Ուստի դրան չեն կարող դրվել Բանդուրյանին առաջարված մեղադրանքի հիմքում»,-համոզմունք հայտնեց Երեմ Սարգսյանը:
Ալիկ Բանդուրյանի պաշտպանը դատարանին հիշեցրեց, որ Բանդուրյանը վատառողջ է. «Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նրա վիճակը մի քանի անգամ կտրուկ վատացել է, սրտի հիվանդություն ունի, նաեւ՝ շաքարային դիաբետ: Նրա մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ: Ըստ համապատասխան բժշկի եզրակացության՝ նա պետք է ստանա հակատուբերկուլյոզային անհետագձելի բուժում՝ անկողնային պայմաններում: Այս հանգամանքները, սակայն, մեղադրող-դատախազը հաշվի չի առել՝ որպես պատժի կրման մեղմացուցիչ հանգամանք: Նա հաշվի չի առել նաեւ, որ Ալիկ Բանդուրյանը նախկինում դատված չի եղել եւ ունի անչափահաս երեխաներ»:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը մեղադրական ճառում ավելի վաղ դատարանին միջնորդել է «Նորատուսցի Ալիկին» դատապարտել 8, «Չարբախցի Գեղամին»՝ 14, եւ Արմեն Գասպարյանին՝ 1,5 տարվա ազատազրկման:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ