Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերին» համաներման տակ են գցում, Անդրիաս Ղուկասյանին՝ ոչ

Հոկտեմբեր 30,2018 19:50
dat

Վաղը ԱԺ արտահերթ նիստում համաներման հարցն է քննարկվելու: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ համաներումը չի տարածվում իր գործի վրա:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած «Սասնա ծռերին»: Ու հիմա ստացվում է, որ համաներումն ազդում է «Սասնա ծռերի», բայց ոչ՝ նրանց, ըստ մեղադրանքի, միանալ փորձող մարդկանց վրա:
Անդրիաս Ղուկասյանը նկատեց՝ քանի որ ինքը «Սասնա ծռերին» հանցակից չի դիտարկվել, ըստ իր դեմ առաջադրված «շինծու մեղադրանքի», համաներումն էլ այս գործի վրա չի տարածվում. «Կա շատ ընդգծված մոտեցում այս հարցում՝ շրջանցել հուլիսի 29-ի դեպքերը: Համաներումը տարածվում է «Սասնա ծռերի» եւ իրենց «հանցակիցների» վրա, բաց քանի որ շինծու մեղադրանքի տրամաբանության իմաստով հանցակից ինձ չեն համարել, ես չեմ անցնում»:

Հարցին՝ այս առումով դուք անարդարությո՞ւն եք տեսնում, նա պատասխանեց. «Միեւնույն է մեզ, բոլոր դեպքերում չէինք դիմի համաներման հնարավորության համար: Կարեւոր ենք համարում ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական իմատով այս գործը, այն առնչվում է իրավապահ մարմիններում հանցավոր խումբ կազմած եւ առ այսօր աշխատող ոստիկանների մեծ խմբի հետ՝ ոստիկանների, դատախազների, քննիչների: Մեր երկրում արդարադատություն հաստատելու համար դա ունի մեծ ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական նշանակություն, դրա համար մենք այդ գործը շարունակելու ենք մինչեւ ավարտը: Իսկ ավարտն այն է, որ պիտի գործը կարճվի՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մենք բավարար հիմքեր ենք հավաքել, որ այդպիսի միջնորդությունով հանդես գանք, երբ հնարավորություն ունենանք: Առ այսօր գործի ընթացքը եղել է այնպիսին, որ մեզ հնարավորություն չի ընձեռնվել այդ ապացույցները ներկայացնելու: Հենց հասնենք այդ փուլին, մենք բոլոր ապացուցները կներկայացնենք»:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ տարակուսեց՝ նույն տուժողների ցումունքների հիման վրա հարուցված քրգործերը բոլորինը կարճվել են՝ Արմեն Մարտիրոսյանինը, Դավիթ Սանասարյանինը, գտնելով, որ հանցակազմ չկա, Անդրիաս Ղուկասյանի դատը շարունակում են. «Ոչ մի հանցակից չկա, հանցագործություն չի եղել, Դավիթ Սանասարյան, Արմեն Մարտիրոսյանը, կատարողները, բոլորը՝ Հովսեփ Խուրշուդյան… բոլորի գործը կարճված է, Անդրիաս Ղուկասյանը միայնակ զանգվածային անկարգությո՞ւն է կազմակերպել, բա կատարո՞ղը ով էր: Միայն Անդրիաս Ղուկասյանի մասով գործը շարունակվում է, դատախազությունը մեղադրանքից չի հրաժարվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031