Այսօր Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին տուժողներից մեկը՝ Տիգրան Եղիազարյանը, դատարանում ցուցմունք տվեց ու ասաց, որ 99 տոկոսով համոզված է, որ իր մեքենան Անդրիաս Ղուկասյանը չի վնասել, նա խելոք տղա է: Տուժողը պատմեց, թե ինչպես է մահակներով զինված խումբը ոստիկանների մեջից դուրս եկել ու խաղաղ ցուցարարներին ծեծուջարդի ենթարկել:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած «Սասնա ծռերին»:
Aravot.am-ը դատական նիստից հետո Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց, թե տուժողի այս ցուցմունքը ինչ օգուտ կտա գործին: Նա պատասխանեց. «Անշուշտ, օգնեց գործի ընդհանուր ընթացքին: Պաշտպանական կողմը տնօրինում է տեսագրություններ, որտեղ երեւում է, որ այդ քաղաքացու մեքենան եղել է սարքին վիճակում, երբ ոստիկանությունը հասավ այդ հատվածին, որտեղ դա կանգնած էր: Վնասվել է այն ժամանակ, երբ որ այդ հատվածը գտնվում էր ոստիկանության ղեկավարության տնօրինման տակ: Արդիական է դառնում քաղաքացիական հագուստով ոստիկանների խնդիրը, որոնք ներկա են եղել հուլիսի 29-ին Սարի թաղում, եւ այդ հարցերը, իհարկե, նաեւ քաղաքական ենթատեքստ ունեն, որովհետեւ այդ մարդիկ, ըստ մեր տեղեկությունների, օպերատիվ հետախուզական բաժինների աշխատակիցներն են, եւ այնտեղ իրենց ներկայությունը կապակցված է եղել բարձրաստիճան ոստիկանների հրամանները կատարելու հետ. Վլադիմիր Գասպարյանը, Հունան Պողոսյանը ներքաշված են եղել այդ օրը անօրինական գործողություններ կազմակերպելու եւ համակարգելու հարցում: Այդ հանգամանքը բացահայտվում է քայլ առ քայլ: Այդ հանգամանքը դատարանում դեռ կներկայացվի, ամբողջ պատկերը կերեւա, որ ի սկզբանե այդ օրը ոստիկանությունը սադրանք էր նախապատրաստել, ու դրա համար օպերատիվ լիազոր բաժինների աշխատակիցները հատուկ առաջադրանք էին ստացել քաղաքացիների նկատմամբ բռնություն կատարել եւ ստեղծել հիմքեր զանգվածային անկարգությունների մեջ քաղաքացիներին մեղադրելու համար: Մեքենան իրենք կոտրել են այդ նպատակով, որովհետեւ զանգվածային անկարգությունների մեղադրանքը հնարավոր է, եթե կա վնասված որեւէ գույք: Բնական է, որ այդ օրը քաղաքացիները գույք վնասելու գործողություն չեն կատարել, դա արել են նրանք, ովքեր շահագրգռված էին շինծու քրգործեր կազմելու մեջ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ դուք շեշտեցիք Հունան Պողոսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի անունը, Սարի թաղի դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ կիրառելով իր պաշտոնական դիրքոը չարաշահելու համար քրգործ է հարուցվել Լեւոն Երանոսյանի դեմ, կարծում եք, այստեղ խտրական մոտեցո՞ւմ կա, որ, օրինակ, Հունան Պողոսյանի դեմ չեն հարուցել գործ՝ Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Լեւոն Երանոսյանը պատասխանատու է պայթուցիկ նյութեր ապօրինի կիրառելու համար: Իսկ Հունան Պողոսյանը եւ Վլադիմիր Գասպարյանը համակարգում էին օպերատիվ հետախուզական այդ մարմինների աշխատակիցների աշխատանքը: Քաղաքացիները տեսել են այդ բոլոր մարդկանց, իրենք տեսագրվել են այդ օրը, երբ անցնում էին Խորենացի փողոցում պատնեշի հետեւը… Երբ մենք ներկայացրինք պաշտպանի հետ համապատասխան ապացույցներ, որ այդ անձինք են դրանք, ինձ քննիչ Բեքարյանը հայտնեց, որ այդ բոլոր անձինք հարցաքննվել են, դա օպերատիվ հետախուզական բաժինների աշխատակիցներ են, եւ իբր թե չկան բավարար հիմքեր իրենց մեղավոր ճանաչելու համար: Դա, իհարկե, ակնհայտ սաբոտաժ է ՀՔԾ-ի կողմից եւ տեսնում ենք, որ իրավապահ մարմինները փորձում են խուսափել այդ օրը իրենց ակնհայտ անօրինական գործողությունների համար պատասխանատվությունից»:
Կարդացեք նաև
Մեր ճշտող հարցին՝ ամեն դեպքում դուք խտրական մոտեցում տեսնո՞ւմ եք, Հունան Պողոսյանը պաշտոն է ստացել, իսկ Լեւոն Երանոսյանի դեմ քրգործ են հարուցում, Ղուկասյանը պատասխանեց. «Որ ասում են՝ տաշած քարերը պիտի գետնին չմնան…Մենք ապրում ենք անցումային շրջան, երբ իրավապահ մարմինների նախկին աշխատողները, որոնք սպասարկում էին քրեական ռեժիմը, այսօր փորձում են ամեն կերպ տեղավորվել նոր քաղաքական համակարգում, նոր իրողությունների մեջ: Հաճախ դա իրենց հաջողվում է, որովհետեւ այդ մարդիկ պատրաստ են ցանկացած հանցագործություն անել տերերի համար, միայն թե մեկը, որպես տեր, իրենց վերցնի իրենց հովանու ներքո: Հաճախ գայթակղությունը իրենց թիմում նման մարդկանց ունենալու՝ բերում է այդպիսի կադրային լուծումների: Ինչ վերաբերում է նրան՝ խտրականություն կա, թե ոչ, ինձ թվում է՝ տեսանելի է: Հուլիսի 29-ի, դրան նախորդող գործողություները կարծես թե ուզում են ծածկադմփոց անել: Դա առնչվում է բարձրաստիճան ոստիկանների հետ, եւ այդ գործերը ծածկադմփոց անելու, իմ դեմ շինծու մեղադրանքն առաջ տանելու համար եւս բազմաթիվ ոստիկաններ հանցագործություններ կատարեցին՝ սուտ ցուցմունքներ տվեցին, ապացույցներ կեղծեցին եւ այլն: Եթե ամբողջը օրենքի դաշտ բերվի, բարձրաստիճան ոստիկանների առնվազն կեսը կհայտնվի քրեական հետապնդման ներքո: Սա համակարգային գործ է, որն անմիջական կապ ունի Սերժ Սարգսյանի հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ