Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. Միջազգային փորձագետները գալիս՝ հոտոտում են, նրանց հետեւից գալիս՝ ավերում են

Հոկտեմբեր 30,2018 17:54

Ամուլսարի հանքը կշահագործվի թե ոչ, դեռ պարզ չէ: Փորձագիտական խումբն այս օրերին էլ ուսումնասիրություններ է կատարում՝ պարզելու հանքը շահագործելու դեպքում բնությանն ու շրջակա միջավայրին ինչպիսի՞ վտանգներ են սպառնալու:

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, սակայն, առանց փորձագիտական նոր եզրակացության էլ համոզված է, որ Ամուլսարի շահագործումը անդառնալի վնասներ կհասցնի մեր երկրի բուսական եւ կենդանական աշխարհին ու ջրային ռեսուրսներին:

Պարոն Սանասարյանի խոսքով, Ամուլսարի նախագծում մանրամասն նշված է, որ ոսկին կորզելու են սնդիկային եղանակով, բացի այդ հանքավայրում կա ուրան, թորիում: Ըստ նրա, աղբյուրները որոնք սկիզբ են առնում այդ տարածքից, լցվում են Դարբ, Որոտան, Արփա գետերը, որոնք ոռոգման ամենակարեւոր համակարգերն են. «Այդ ջրերը խառնվում են ծանր մետաղներով եւ աղտոտում միջավայրը»:

Հակոբ Սանասարյանի խոսքով, հանքից առաջացած փոշին էլ կխեղդի բուսական ու կենդանական աշխարհը: Պարոն Սանասարյանը կարծում է, Ամուլսարի հանքի ուսումնասիրություններում միջազգային փորձագետներ ներգրավելու կարիքն ամենեւին էլ չկա եւ որ մեր տեղացի փորձագետները բոլորից լավ գլուխ կհանեն այդ խնդրից: Պարոն Սանասարյանի խոսքով, միջազգային փորձագետները գալիս՝ հոտոտում են», հետո դրսից գալիս ավերում են մեր երկիրը:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը առաքելությունն ավարտելուց առաջ իր հարցազրույցներից մեկում մտահոգություն էր հայտնել Ամուլսարի շուրջ ծավալված իրադարձությունների առիթով՝ նշելով, որ նման պարագայում միջազգային ներդրումների տեսանկյունից Հայաստանը կարող է կորցնել գրավչությունը, ինչպես կարձագանքի դեսպանի խոսքին, Հակոբ Սանասարյանն ասաց, որ 2014 թվականին ինքը մասնակցել է Երեւանում կազմակերպված հանքարդյունաբերության թեմայով գիտաժողովին, որին ներկա են եղել նաեւ տարբեր երկրների դեսպաններ եւ ինքն իր խոսքում ներդրողներին ասել է, որ Ամուլսարի եւ այլ հանքերի հետ կապված ինչ ասում են, տեղին են ասում.«Քանի որ վաղը կամ մյուս օրը եթե հեղափոխություն լինի, այդ ներդրումները մեռնելու են, ոչնչանալու են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր այն դիտարկմանը, թե մի կողմից տնտեսական շահն է կշեռքի նժարին, մյուս կողմից բնության, շրջակա միջավայրի անվտանգությունը, պարոն Սանասարյանը նկատեց. «Էկոլոգիականի մեջ կա տնտեսական շահ, մենք չենք ասում այս ինչը հատուկ պաշտպանեք, մենք ասում ենք՝մի թունավորեք ծանր մետաղներով եւ ռադիոակտիվ տարրերով տարեկան մեկուկես միլիարդ խորանարդ մետր ջուր: Մի թունավորեք այդ հողատարածքները: Նախագծում գրում են, բացի այս տարածքներից նաեւ աղտոտվելու են այլ տարածքներ, որոնք անհամեմատ ավելի մեծ են եւ դժվար է հաշվել նրանց սոցիալ-տնտեսական եւ այլ կարգի վնասները»: Նրա ներկայացմամբ, բացի հանքային ջրերին ու Ջերմուկ քաղաքին հասցված վնասներից, տուժելու է նաեւ մեր երկրի ջրային համակարգը:

Պարոն Սանասարյանի խոսքով, հիմի էլ 839 էջանոց նախագիծը հօգուտ հանքարդյունահանող ընկերության կոնսպեկտավորել են՝ դարձնելով 8 էջ եւ փորձում են վարչապետին մոլորեցնել, քանի որ այնտեղ բացակայում են վնասները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031