Վրաստանը պատրաստ է նոր խոշոր նախագծեր իրագործել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս մասին Ստամբուլում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին այդ երկրների իր գործընկերներ Մևլութ Չավուշօղլուի և Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում երեք երկրների արտգործնախարարները նշված հարցով կարևոր որոշումներ են ընդունել, և այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում ռազմավարական բնույթի նոր նախագծերի նախապատրաստման ուղղությամբ:
Զալկալիանիի խոսքով՝ Թբիլիսի-Անկարա-Բաքու համագործակցության առաջնահերթություններից մեկը զբոսաշրջության ոլորտն է:
«Այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում մենք ստորագրեցինք Ստամբուլի հռչակագիրը: Բացի այդ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում 2017-2019թթ. սեկտորալ համագործակցության գործողությունների ծրագրի իրականացման շուրջ»,- ասել է նախարարը:
Ադրբեջանի նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիայից՝ միջազգային մակարդակում ցուցաբերած աջակցության համար:
«Ադրբեջանի ուղղակի ներդրումները Թուրքիայում հասնում են մինչև 15 մլրդ դոլարի… Հավատում ենք, որ համատեղ նախագծերի իրականացումը կշարունակվի՝ ի բարօրություն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի: Հույս ունենք, որ Տրանսադրիատիկ գազատարի (TAP) շինարարությունը կավարտվի մինչև 2020թ-ը»,- ասել է Մամեդյարովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ