Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը գրոհելու է Ռուսաստանի «ծայրամասերը». Հայաստանի հնարավորությունները եւ վտանգները

Հոկտեմբեր 30,2018 22:00

ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը պաշտոնական Երեւանը հենց սկզբից պատմական անվանեց։ Անշուշտ, այցը պատմական էր ոչ միայն ինքնին փաստով, քանզի մեկ էլ անցյալ դարում էր Հայաստանում նման պաշտոնյայի այց տեղի ունեցել, այլեւ քննարկված օրակարգի եւ արված աննախադեպ հայտարարությունների առումներով։

Երեւանյան այցի արդյունքներով Բոլթոնն իր թվիթերյան էջում գրեց, որ կատարել է այց Հայաստան, որը «տարածաշրջանում կարեւոր բարեկամ է», այնուհետեւ նշելով, որ արդյունավետ բանակցություններ է անցկացրել վարչապետի եւ նրա՝ ազգային անվտանգության թիմի հետ։ Առաջին անգամ Վաշինգտոնը Երեւանի հետ խոսում է ամերիկյան սպառազինության ձեռք բերման հնարավորության եւ դրա ցանկալիության մասին, Ադրբեջանին ամերիկյան օգնությունն արգելող՝ 1992թ «Ազատությանը սատարման Ակտի» 907-րդ ուղղման չեղարկման մասին, եւ այդ ամենը «ուղեկցում» ոչ այնքան նոր ակնկալիքով, որ Ղարաբաղյան հարցն այնուամենայնիվ պետք է լուծվի՝ նշելով միեւնույն ժամանակ, որ դեկտեմբերյան ընտրություններից հետո այդ ուղղությամբ վճռական քայլերի համար լավ հնարավորություն է ստեղծվում։

Ուշագրավ է նաեւ պաշտոնական Երեւանի արձագանքը տեղի ունեցածին։ Նախ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց հանդիպումից անմիջապես հետո, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում՝ հավելելով. «Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»: Իսկ երկու օր անց, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է Երեւանի մոտեցումը ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու առաջարկությանը, Փաշինյանը պատասխանեց. «Եթե ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու շահավետ առաջարկ լինի մեզ համար, կքննարկենք»։

Այնպես չէ, որ Վաշինգտոնում տեղյակ չեն Հայաստանի զգայուն կողմերին կամ Հայաստանի անվտանգության միջավայրի տարրերին եւ նրանց համատեքստերին եւ առանձնահատկություններին՝ նման առաջարկությունը բարձրաձայնելով։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում Ռուսաստանը ներկայումս շարունակում է մնալ գերիշխող դիրքերում, ինչը պայմանավորված է մի շարք կարեւոր գործոններով, մասնավորապես՝ հարեւանությունը զուտ աշխարհագրորեն, ռազմական ներկայությունը՝ Հայաստանում եւ Վրաստանի անջատական տարածքներում, ռազմական մատակարարումները՝ Հայաստան եւ Ադրբեջան, անկատար պետականությունները, ինչ թույլ չի տալիս լիարժեքորեն ինտեգրվել առաջատար շուկաներին եւ քաղաքական-անվտանգային համայնքներին եւ, դրանով իսկ՝ կախվածությունը ռուսական բարեհաճությունից, ինչպես նաեւ՝ պրոպագանդան, որի շոշափուկները տարածվել են ամբողջ տարածաշրջանի մեդիադաշտով մեկ։ Եվ, իհարկե, այս ամենը «ցեմենտում են» չկարգավորված, կառավարվող հակամարտությունները, որոնց կառավարման վահանակը գտնվում է Մոսկվայի ձեռքում, եւ ռուսները պահպանում են բոլոր հնարավորությունները անհրաժեշտ աստիճանի թեժություն մտցնելու ցանկացած «սառեցված» հակամարտության գոտում՝ կախված պահից բխող շահերից։ Թերեւս սա այն է, ինչը տեղավորվում է «հիբրիդային պատերազմ» եզրույթի շրջանակներում։

Սրանք ակնհայտ իրողություններ են, որոնցից ամբողջությամբ տեղյակ են Վաշինգտոնում, սակայն առայժմ չունեն ռազմավարություն, թե ի՞նչ անեն այդ ամենի հետ կամ պե՞տք է արդյոք դրա հետ ինչ-որ բան անել, թե՞ ոչ։

Բոլթոնը Երեւանում ասում է, թե ինչ խնդիրներ ունի Վաշինգտոնն Իրանի հետ. միջուկային եւ հրթիռային ծրագրեր, Թեհրանի մերձավորարեւելյան քաղաքականություն։ Բացի դրանից, Բոլթոնն Իրանն անվանեց «միջազգային ահաբեկչության բանկիր», նույնպես Մերձավոր Արեւելքի համատեքստում, ասելով. «Սա Օբամայի վարչակազմը չէ։ Մենք մտադիր ենք ճզմել Իրանին»։ Հայաստանի հետ այդ ամենը որեւէ կերպ եւ երբեւէ չի առնչվել, եւ Հայաստան-Իրան հարաբերությունների որեւէ ոլորտի վերաբերյալ Բոլթոնն առարկություն նույնիսկ ակնարկի մակարդակում չբարձրաձայնեց։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ նոյեմբերին ուժի մեջ մտնող կոշտ պատժամիջոցների փաթեթը եթե առնվազն ներառի Իրանին SWIFT համակարգից կտրելու վերաբերյալ կետը, ապա դա ուղղակիորեն խոչընդոտելու է ցանկացած բանկային գործարքի Հայաստանի եւ Իրանի միջեւ, եւ Հայաստանը չի կարող այս հանգամանքի հետ հաշվի չնստել։ Միեւնույն ժամանակ, բարդ չէ պատկերացնել, թե դա Հայաստանի համար ինչ ուղղակի վնասներ է պարունակում՝ փակելով այլընտրանքի հնարավորություններն առնվազն էներգետիկ քաղաքականության դիվերսիֆիկացման ճանապարհին։ Սակայն Բոլթոնն ասում է. «Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս պատճառել մեր բարեկամներին այս ընթացքում։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ խոսակցությունը Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ-ի միջեւ շատ կարեւոր է լինելու»։

Իհարկե, հայտնի չէ, թե ինչ են առաջարկում կամ առաջարկելու ԱՄՆ-ը, եւ Երեւանի սպասողական դիրքորոշումը, որը հնչեց թե՛ վարչապետի, թե՛ պաշտպանության նախարարի պաշտոնակատարների շուրթերից, վկայում է, որ առայժմ գործ ունեցանք մտադրությունների եւ հնարավորությունների ճշգրտումների հետ, եւ հիմնական, արդեն առարկայական խոսակցության փուլը դեռ առջեւում է։
Համենայնդեպս, ուրվագծվում են Վաշինգտոնի առաջնահերթությունները տարածաշրջանում։ Ըստ այդմ, Թուրքիան «հաշվից դուրս» է դրվում, Իրանին «ճզմում են», իսկ Ռուսաստանին՝ իր միահեծան գերակշռությունից դուրս բերելու մտադրություն հայտնում՝ հավակնելով գործընթացը տեղափոխել «մրցակցության դաշտ»։
Իսկ սա նշանակում է, որ Վաշինգտոնն այլ ճանապարհ չունի, քան ռուսների ձեռքից վերցնել հակամարտությունների «կառավարման վահանակը»։ Բոլթոնը խոսեց թե՛ հնարավոր զինամատակարարումների, թե՛ պրոպագանդային կոշտ հակազդելու եւ այդ նպատակով հավելյալ միջոցներ տրամադրելու անհրաժեշտության մասին, ինչն առնվազն նպաստելու է, որ ԱՄՆ-ը վիճարկի, մարտահրավեր նետի Մոսկվայի գերակայությանը տարածաշրջանում։

Միացյալ Նահանգների կողմից «հարձակողական» ռազմավարություն կիրառելու ինստիտուցիոնալ հիշողությունը պարունակում է մի շարք դրվագներ, որոնք հուշում են, որ բուն «ամրոցի» ուղղությամբ գրոհ չի լինելու, այլ գրոհելու են ծայրամասերը։ Եվ այդ առումով Հարավային Կովկասը ստանում է առանցքային կարեւորություն։ ԱՄՆ-ը եւ դաշնակիցները Նորվեգիայում եւ Հյուսիսային Ատլանտիկայում այս օրերին ծավալել են Սառը պատերազմից հետո իր մասշտաբներով աննախադեպ զորավարժություններ՝ ներգրավելով բոլոր զորատեսակները՝ օդում, ջրում ու ցամաքում։ Բացի դրանից, հայտնի դարձավ, որ Գերմանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Ռամշտայն» ռազմաբազա է բերվել Հարավսլավիայի ռմբակոծումներից հետո ռազմամթերքի ամենամեծաքանակ չափաբաժին։ Իսկ եթե սրան էլ գումարվում է այն իրողությունը, որ Ռուսաստանի նկատմամբ միայն նոյեմբերին հինգ փաթեթ պատժամիջոց է ուժի մեջ դրվելու, իսկ հետո, ըստ Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերի, Մոսկվան երկու ամիսը մեկ նոր պատժամիջոցներ կստանա, մինչեւ չփոխի իր վարքն Ուկրաինայի նկատմամբ, բացի դրանից, ԱՄՆ-ը այլեւս ազատել է իրեն թե՛ միջին եւ փոքր հեռավորության հրթիռների, թե՛ ռազմավարական հարձակողական սպառազինության ծավալման գործում՝ Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագրերից դուրս գալու մասին հայտարարելուց հետո, ապա պատկերն ամբողջանում է։ Եվ Հարավային Կովկասի կարեւորագույն դերն այս ամբողջ համայնապատկերում իր չափազանց խոցելիությամբ հանդերձ՝ դառնում է ավելի պարզ։ Եվ առավել քան պարզ է, որ Հայաստանն այս հնարավոր զարգացումների կիզակետում է հայտնվելու բոլոր դեպքերում։
Այո, ԱՄՆ-ը չի գալիս հակամարտություն կարգավորելու, նրանք, ըստ ամենայնի, եթե գալիս են՝ գալիս են այդ հակամարտության կարգավորման, իսկ ավելի ճիշտ՝ չկարգավորմա՛ն բանալին ռուսների ձեռքից վերցնելու եւ տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետություն կառուցելու, որն ուղղակիորեն կբխի ԱՄՆ-ի եւ նրանց իրական դաշնակիցների շահերից։ Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերի առաջ, քանզի խնդիրն է այդ՝ վաղ թե ուշ տեղի ունենալիք «փոխանցման» ընթացքում չհայտնվել «ատամնանիվների արանքում»։

Մոսկվայում, որտեղից եւ Բոլթոնը ժամանեց տարածաշրջան, ըստ ամենայնի, ուշիուշով հետեւում էին ԱՄՆ նախագահի խորհրդականի այցին՝ խոշորացույցով քննության ենթարկելով նրա բոլոր հրապարակային հայտարարությունները, եւ Մոսկվայի նյարդերը տեղի տվեցին։ Պարոն Լավրովի հիմնարկն ավելի լավ բան չգտավ, քան մեղադրել Բոլթոնին Հայաստանի «ներքին գործերին միջամտելու» մեջ, մինչդեռ Երեւանը շատ հանգիստ եւ սիրալիր, ուշադիր եւ գործնական է վերաբերվել եւ վերաբերվում Բոլթոնի հայտարարություններին եւ առաջարկություններին։ Բացի դրանից, հաստատապես Երեւանը Մոսկվային չի խնդրել իր «մեջքին կանգնել», մանավանդ նման՝ «վրդովված պրոլետարի» հռետորաբանությամբ։ Մոսկվան նման օպերատիվությամբ չէր արձագանքում, երբ Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծում էին Հայաստանի տարածքը… Բայց սա մի կողմ։

Ի վերջո, առայժմ գործ ունենք մի քանի անհայտով հավասարման հետ։ Պարզ չէ, թե Վաշինգտոնը որքանով է պատրաստ պատժամիջոցները ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ գործի դնել նաեւ մեր տարածաշրջանում՝ ռուսական զինամատակարարումների հետ կապված։ Այդ պարագայում, հաշվի առնելով, որ կոմերցիոն հիմունքներով զենքը ձեռք է բերում առաջին հերթին Ադրբեջանը, ընդ որում, արեւմտյան նավթային ընկերությունների հետ համագործակցության արդյունքում ձեռքն ընկած նավթադոլարներով հարստացնելով ռուսական զինագործներին, ապա ակնհայտ է, որ Բաքուն կհայտնվի աննախադեպ ճնշումների ներքո։ Եվ Վաշինգտոնում հաստատապես տեղյակ են, որ հայկական կողմը ռուսական զենքը ձեռք է բերում կա՛մ, նույն ինքը՝ ռուսական վարկերով, կա՛մ խորհրդանշական գներով՝ տարածաշրջանային բալանսը հարաբերականորեն պահպանելով, եւ պարզ չէ, թե պատրա՞ստ կլինի արդյոք համանման պայմաններ առաջարկել Երեւանին։

Իհարկե, սրանք առայժմ զուտ տեսական հարցադրումներ են, ոչ ամբողջական «ցուցակով»։ Սակայն պարզ է, որ այս անորոշությունների ժամանակաշրջանից անկորուստ դուրս գալու համար, բոլոր դեպքերում, Հայաստանին նախեւառաջ անհրաժեշտ է լուրջ ներքին ամրության պաշար, ինչը բացառում է բարիկադներ ներսում։ Բարիկադները կառուցված են դրսում, անցնում եւ անցնելու են քաղաքակրթությունների եւ արժեքների միջեւ, եւ այդ բարիկադների «երկրաչափության» փոփոխության ընթացքից անցնցում դուրս գալը մեր պետականության համար կենաց-մահու հարց է։ Իսկ թե այդ «քաղաքակրթական բարիկադների» ո՞ր կողմում եւ ո՞ւմ հետ պետք է լինի Հայաստանը՝ այդ հարցն արդեն ավելի քան հռետորական է։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

30.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Բա էն օրը գոռում էիք, որ ՀՀ ինքնիշխան է և անկախ, իսկ հիմա արդեն մտմտում էք, թե երկիրը բարիկադների որ կողմում պետք է կանգնի։ Հեղինակը մի օր մի բան է ասում, մյուս օրը՝ այլ բան։ Փաստն այն է, որ ոչ մի երկիր իր սեփական աշխարհագրական իրականությունից և սեփական պատմական անցյալից փախչելու տեղ չունի ոչ այսօր, ոչ էլ վաղը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031