Համաներում պետք է լինի, որովհետեւ դա համակարգային քաղաքական գնահատական է նախկին իշխանություններին: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս մասին ասաց ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է՝ ՀՀ-ում կիրառվելու է աննախադեպ ծավալի համաներում:
Նրա խոսքերով՝ համաներումը այն գնահատականներից մեկն է, որովհետեւ ՔԿՀ-ներում մարդիկ համակարգային սխալների պատճառով են հայտնվել, քաղաքական հետապնդումների, դատական համակարգի անկատարության արդյունքում եւ ոչ օրինական վճիռների. «Այդ համաներմամբ ազատագրում ենք համակարգի պատճառով ՔԿՀ-ներում գտնվող զոհերին, որոնք կրում են համակարգի բոլոր արատները»:
Հովհաննիսյանի կարծիքով՝ Քրեակատարողական համակարգը ամենեւին չի նպաստում մարդու սոցիալականացմանը. «Մենք տեսնում ենք այդ համակարգի բոլոր արատները՝ մարդատյացությունը, մարդու հանդեպ ոչ զգայնությունը, հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պայմանները հեռու են մարդկային համարվելու պատկերացումներից: Որքան էլ այն բեռնաթափենք, այդտեղ մարդու գտնվելն արդեն իսկ խոշտանգմանը հավասար է: Այս ամենը հաշվի առնելով պետք է համաներում կիրառվի»:
Ասուլիսին ներկա Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ նկատեց՝ սա պետք է լինի վերջին համաներումը: Ըստ իրավապաշտպանի, իրավական պետություններում համաներում ընդհանրապես չկա. «Ինչու՞ լինի: Համաներումը միապետական իշխանության կողմից իր սխալները քողարկելու ձեւ է՝ ինքը դատում է ու մեծահոգաբար ներում է: Այդ երկրներում համաներումը ինչ-որ տեղ բեռնաթափելու միջոց է, քաղբանտարկյալներից ազատվելու ձեւ է: Եթե ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ աշխատի՝ համաներման կարիք այլեւս չի լինի»:
Իշխանյանի խոսքերով՝ այսօր անհրաժեշտ է համաներումը, այնպիսի համաներում լինի, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակվեր, եւ այնտեղ ասենք՝ սունկ աճեցնեին, քանի որ խոնավության մակարդակը շատ բարձր է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի