«Եթե փոխվարչապետն ինքն իրեն դրամաշնորհ է տրամադրում, ուրեմն հասարակության շրջանում արձագանքը լինելու է շատ արագ, իսկ արդյունքը՝ ոչ թե 25 տարի հետո, ինչպես ՀՀԿ-ի դեպքում, այլ շատ ավելի կարճ ժամանակ անց եւ շատ ցավալի: Սրան պետք է լուրջ վերաբերվել եւ թույլ չտալ, որպեսզի հեղափոխական ուժը տապալվի առանձին անհատների կամ ոչ լիարժեք թիմի պատճառով»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Hetq.am-ի հրապարակմանն այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ էր տրամադրվել, ասաց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Սարսափով եմ պատկերացում, որ հեղափոխական՝ էյֆորիկ վիճակում գտնվող, հույս ու հավատ ձեռք բերած ժողովուրդն ինչ կատաղի արձագանքի է արժանացնելու նման մարդկանց գործողությունները: Նախկին իշխանությունը մարդկանց սովորեցրել էր անփույթ, անազնիվ, հանցագործ աշխատաոճին, բայց այլ է, երբ հույս ու հավատ առաջացրած մարդիկ են փորձում կործանել հեղափոխությունը եւ Փաշինյանի գաղափարախոսությունը»,-ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը:
Նա հիշեց, որ վերջերս ԱԺ-ում վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել կադրային քաղաքականության մասին, նա էլ ցավով արձանագրել էր, որ խորը հիասթափություն ունի մի շարք անձանց գործունեության վերաբերյալ, որոնք ներկայում պաշտոններ են զբաղեցնում: Ուրիխանյանի բնորոշմամբ՝ ներկայիս կադրերով եւ թիմով Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել երկրում փոփոխություններ անել. «Այսպես նա միայնակ երկիր կառուցել չի կարող, ուստի պետք է համախմբի բոլոր այն ուժերին, որոնք աջակցել են հեղափոխությանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ցավով են նշում այն փաստը, որ այսօր մամուլում տեղ է գտել: Տիգրան Ավինյանը և նրա նմանները այս պահին ստվեր են նետում հեղափոխության գործընթացի վրա; Նիկոլն առանց երկմտելու պետք է դուրս նետի կառավարության շենքից և ցույց տա ճանապարհը: Հոգնել ենք նախկին գրանտակերներից, հիմա էլ սրանք են եկել; Այսինքն չի՞ փոխվելու ոչինչ, հարստանալ ե՞ս ուզում Տիգրան Ավինյան