Ինչպես տեղեկացրել է shamshyan.com կայքը,երեկ ոստիկանության «Մուշ» բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության 20-ամյա քաղաքացի Ե. Դ.-ն, հայտնելով, որ վաղ առավոտյան իր դուռը թակել են, բացել է դուռը ու առանց նայելու, թե ով է, մտել է բաղնիք։ Իր հետևից բաղնիք է ներխուժել անծանոթ մի երիտասարդ ու դանակի սպառնալիքներով փորձել բռնաբարել իրեն։ Ռուս կինը վատացել է, անծանոթ տղամարդը գնացել է խոհանոց՝ ջուր բերելու, այդ ընթացքում կինը հասցրել է փախչել տնից։
28-ամյա գյումրեցի երիտասարդը ձերբակալված է, Շիրակի մարզի դատախազությունից մեզ փոխանցեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի հատկանիշներով։ Հոդվածը կոչվում է «Բռնաբարություն», նախատեսում է 3-ից մինչև 6 տարի ազատազրկում։
Մեզ հաջողվեց ճշտել, որ երիտասարդը տաքսիստ է, որն անծանոթ չէ տվյալ տարածքի բնակիչներին։ Իսկ ռուս կինը, լսելով դռան թակոցները, մտածել է՝ ամուսինն է վերադարձել ծառայությունից. վերջինս մի քանի օր տանը չի եղել։ Կինը, չկասկածելով անգամ, որ վաղ առավոտյան դուռը թակողն օտար մարդ է, այլ ոչ իր ամուսինը, շտապել է բացել։ Ռուս զինծառայողը երեխաներ չունի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ