«Շտապողականությունը բոլորս նկատում ենք, ափալ-թափալ ընտրություններ անցկացնելը լավ բան չի խոստանում, կան արժեքներ՝ օրենսգիրք, օրենքներ, որոնք բազմիցս քննադատվել են թե ներկայիս իշխանությունների, թե մյուսների կողմից»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ ասաց Հայաստանի Ռամկավար կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանը:
Ըստ նրա՝ վարկանիշային ընտրակարգը կիսագողական ու կիսախուժանական կարգ էր, ու լուրջ խնդիր է, եթե այն շարունակելու է գործել. «Շտապողականությամբ պետք է ընտրենք, իսկ դա մեզ լավ բան չի խոստանում…ներդրում անողները անհամբեր են դարձել, ասում են՝ վերջացրեք ձեր հարցերը եւ կայունություն ստեղծեք երկրում, բայց արդյոք միայն սրանո՞վ պետք է բացատրել այս շտապողականությունը, կասկածում եմ»:
Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն էլ ասաց, թե հին օրենսգրքով ընտրություններին գնալու դեպքում, փոփոխությունները կլինեն կիսատ-պռատ, ըստ նրա, գործող Ընտրական օրենսգիրքը նախորդ իշխանությունների հագով կարված օրենսգիրք է. «Այն փոփոխությունները, որի շուրջ աշխատել էին քաղաքական ու հասարակական ուժերը, բավականին լավ մոտեցումներ կային: Չգիտեմ՝ ինչու Ընտրական նոր օրենսգրքի տապալման դեպքում ինչու իշխանությունները կոչ չարեցին հանրությանը դուրս գալ, որովհետեւ տեսանք՝ ինչ ճակատագիր ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները»:
Ըստ նրա՝ իրենց կուսակցության վարչությունում կարծիքները տարբեր են՝ միայնակ գնալ ընտրությունների, թե՝ դաշինքով։ Վերջնական որոշում դեռ չունեն:
Անահիտ Բախշյանն էլ ասաց՝ իշխանության նկատմամբ վստահությունն անվերջ չէ, այդ պաշարները կարող են կամաց-կամաց մաշվել.
«Որ մինչեւ վերջ չմաշվի, ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր շուտ ընտրություններ կազմակերպել, պատկերացնում եմ իրենց վիճակը, որը բոլորովին նախանձելի չէ, մեզ անհրաժեշտ է ԱԺ, որտեղ կլինի պրոֆեսիոնալների թիմ, վարկանիշային ընտրակարգը ոչ մեկին ձեռնտու չէ, ՀՀԿ-ին եւս ձեռնտու չէ։ ՀՀԿ-ի նկատմամբ համատարած ատելություն կա, եւ ես ցավ եմ ապրում, որովհետեւ ՀՀԿ-ն ստեղծող մարդիկ, այսպիսի վիճակ չէին պատկերացնում, էսօրվա ՀՀԿ-ն մոռացել է՝ ումից է ժառանգել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ