ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուներ։
Նախորդ քննարկմամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախաձեռնության ներկայացուցիչները պետք է ուսումնասիրեին խնդրի լուծման համար առաջարկված հնարավոր 3 տարբերակները և հանդես գային կոնկրետ առաջարկներով:
Նրանք ցանկանում են սահմանային անցակետում մեքենայի ղեկը վերասարքավորել ձախ, այդպես ներկրել Հայաստան, ստանալ պետական գրանցում, այսինքն` կատարել մաքսազերծում, այնուհետև ստանալ թույլտվություն, որպեսզի մեքենան վերասարքավորվի աջ ղեկային տեղաբաշխմամբ։
Նշվեց, որ այս դեպքում պետք է ՀՀ կառավարության կողմից կատարվի որոշակի իրավական ակտերի փոփոխություն։
Հնչեցին մի շարք այլ տեսակետներ ևս։
Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջիկա երկու օրերին խնդրին առնչվող բոլոր կողմերի հետ կքննարկվի ներկայացված առաջարկի նպատակահարմարությունը և կարվի համապատասխան հայտարարություն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն