Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանն ու Սերգեյ Բագրատյանը ԱԱԾ-ին հորդորում են`լուրջ զբաղվել ՀՀԿ-ով

Հոկտեմբեր 30,2018 14:25

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեղադրում է ոչ միայն ՀՀԿ-ին, այլ նաեւ ՀՅԴ-ին`երեկ`նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը տապալելու մեջ: «Երեկ բոլորս ականատես եղանք, որ հաշվարկներ են արվել ՀՀԿ-ի ու նաև հավանաբար ՀՅԴ-ի կողմից։ Ուղղակի անհասկանալի է մնում այն իրողությունը, որ ՀՅԴ-ի համար նախընտրելի էր փակ համամասնական ընտրակարգով մասնակցել ընտրություններին։ Դա ռեալ հնարավորություն էր ԱԺ անցնելու համար։ Թե ինչո՞ւ Դաշնակցությունն այսպիսի որոշում կայացրեց»,- այսօր, «Հայացք» մամուլի ակումբում իր տարակուսանքը հայտնեց պատգամավորը:

Հիշեցնենք, երեկ խորհրդարանը երկրորդ արտահերթ նիստ էր գումարել`նոր ԸՕ-ն քննարկելու համար: Այն ընդունելու համար պակասեց մեկ ձայն: ՀՅԴ-ական երկու պատգամավորներ`Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը ներկա չէին նիստին: Հիշեցնենք, որ ԸՕ-ի քննարկման համար առաջին քվեարկությունը տապալվեց նաեւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների բացակայության պատճառով, բայց միեւնույն է, մեղադրանքի սլաքներն ուղղվում են դեպի ՀՀԿ-ն: Մինչդեռ, ՀՀԿ խմբակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ դեմ են ընտրությունների շեմին հապշտապ ԸՕ հիմնավորապես փոխելուն եւ դեմ են քվեարկելու:

«Պետք է վերլուծել եւ հասկանալ՝ սա ո՞ւմ շահերն էր սպասարկում»,- ասաց Սերգեյ Բագրատյանը`ենթադրելով, որ ՀՀԿ-ի. «Որովհետեւ, երեկ քվեարկությանը չներկայացած, ՀՀԿ-ից կարծեցյալ դուրս եկածներից կարելի է հասկանալ, որ ոչ միայն ՀՅԴ-ում թեզ կա, որ ոչ միայն նախկին դաշնակցականներ չեն լինում, այլեւ նախկին ՀՀԿ-ականներ։ ՀՀԿ-ն չի խորշելու նաեւ ֆինանսներ կիրառել։ Չի բացառվում, որ այս ընտրությանը նրանք լուրջ մոբիլիզացիա ձեռնարկեն, նրանք կարող են օգտվել առիթից, սակայն ԲՀԿ-ն եւ մյուս ուժերը կգտնեն հակաթույնը, պրեսսինգ կկիրառեն։ ՀՀԿ-ն այլեւս չպետք է լինի ԱԺ-ում, եթե նրանք շարունակելու են այս ոճով աշխատել»: Բանախոսը գտնում է, որ ՀՀԿ-ին պետք է «քաղաքական մրցակցությամբ» դաշտից դուրս մղել:

Հիշեցնենք, դեկտեմբերին նոր ԸՕ-ով ընտրություններ անցկացնելուն կողմ արտահայտված ՀՀԿ խմբակցության նախկին ու ներկա պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Ռոբերտ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Ավետ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Նահապետ Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Հակոբ Հակոբյանը երեկ կողմ քվեարկեցին: Ստորագրահավաքին միացած Արայիկ Գրիգորյանը, Հարություն Կարապողոսյանը եւ Հակոբ Բեգլարյանը բացակա էին:

Ասուլիսին ներկա «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին առավելապես անհասկանալի է ՀՅԴ-ի վարքը: «Նոր օրենսգիրքը ավելի լայն հնարավորություններ էր ստեղծում ՀՅԴ-ի համար՝ խորհրդարանում հայտնվելու»։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, նրա կարծիքով էլ, նախկին իշխանական կուսակցությունը կփորձի օգտագործել իր «քրեաօլիգարխիկ համակարգի մնացուկները» եւ նրանց շնորհիվ ռեյտինգային ընտրակարգով ձայներ հավաքել եւ մյուս խորհրդարանում էլ ներկայացված լինել. «Նրանք նաև զուրկ չեն փողերից, իսկ շատ մեծ փողերի դեպքում նրանք տեսականորեն կարող են վիճակ փոխել։ Այդ պատճառով ԱԱԾ-ն պետք է ամեն հնարավորինն անի՝ հայտնաբերելու նմանատիպ օջախները, հետեւանքները նվազագույնի հասցնելու համար։ Սա ազգային հավատարմության խնդիր է, հետեւաբար, անվտանգության մարմինները ինչ-ինչ միտումների դեմն առնելու համար պետք է այսօրվանից աշխատանքներ իրականացնեն»:

Վաղը խորհրդարանում քննարկվելու է համաներման նախագիծը: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`հնարավո՞ր է ՀՀԿ-ն դեմ քվեարկի: «Ինչո՞վ պետք է հիմնավորեն»,- տարակուսեց իշխող ուժը ներկայացնող պատգամավորը`նկատելով, որ այդ հարցը պոպուլիստական հարթության հարց է, դժվար թե ՀՀԿ-ն դեմ լինի: Մինչդեռ Սերգեյ Բագրատյանը մտավախություններ ունի, որ ՀՀԿ-ն համաներման նախագիծն էլ կտապալի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    դե,ասենք,կարող են պատճառաբանել,որ ընտրություններից առաջ համաներումը կարող է դիտվել ընտրակաշառք…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031