Հնագետ Հակոբ Սիմոնյանի դիտարկմամբ, Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում ամեն հայ իր ձեռքից եկածը պետք է անի, որ Հայաստանը լինի հզոր, ազատատենչ, լույսի օջախ:
«Խորհրդարանում հավաքվածները ուղղորդելու ու կանխատեսելու են այն ուղղությունը, որն անցնելու ենք առաջիկա հինգ տարիներին, պետք է նոր խորհրդարանում ընդգրկվեն ամենաարժանավորները: Պետք է վերանա մրցակցային դաշտը, քարոզարշավում միմյանց մրոտելու ու վարկաբեկելու ավանդույթը, դրա փոխարեն հնարավորին չափ պետք է ներառենք լավագույններին՝ անկախ կուսակցական պատկանելությունից»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց հնագետը:
Ըստ նրա՝ խորհրդարանը սենատն է, ու այնտեղ պետք է ներգրավվեն բազմափորձ ու տարիքով արժանավորները, իսկ կառավարությունում կարող են լինել երիտասարդները:
Ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանն էլ առաջարկեց, որ վարչապետն իր թիմը ձեւավորի ոչ թե որպես կուսակցության առաջնորդ, այլ հեղափոխության առաջնորդ եւ ներկայանա ժողովրդի ընտրանիով: Ասուլիսի բանախոսները հայտնեցին, որ նոր իշխանությունում մտավորականների ներգրավումն են կարեւորում:
«Ուզում ենք՝ հեղափոխությունը շարունակվի ամեն օր, տեր կանգնենք հեղափոխության մեր բաղադրիչին, օգնենք նոր իշխանությանը»,- եզրափակեց Չալիկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ