Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Եվրոպայի երիտասարդական առաջնությունը մեր ծանրորդների համար փորձամրցման կարգավիճակ ուներ»

Հոկտեմբեր 30,2018 14:06

Լեհաստանի Զամոշչ քաղաքում անցկացված ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունեցավ 4 չեմպիոն, 5 փոխչեմպիոն եւ 2 բրոնզե մեդալակիր: Իսկ ընդհանուր հաշվարկով (պոկում, հրում, երկամարտ) մեր տղաները եւ աղջիկները նվաճեցին 34 մեդալ՝ 13 ոսկե, 11 արծաթե եւ 10 բրոնզե:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով առաջնության արդյունքները՝ ասաց. «Սա մեր մարզիկների հերթական լավ մասնակցությունն էր այս կարգի խոշոր առաջնություններում: Մոտ օրերս կայանալու է մեծահասակների աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությունում հանդես եկած տղամարդկանց եւ կանանց 4-ական ներկայացուցչով: Այս առումով շատ կարեւոր էր, որպեսզի մեր ազգային հավաքականի անդամները դրանից առաջ, ինչպես ծանրորդներն են ասում, մրցահարթակ տեսնեին»:

Հարցին, թե մի քանի օրվա տարբերությամբ նույն ծանրորդների՝ երկու խոշորագույն մրցումների մասնակցելը ճի՞շտ է, Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց. «Սովորաբար, մինչեւ աշխարհի առաջնություն մեկնելը թիմի վերջնական կազմը որոշելու համար ծանրորդների միջեւ մեկ-երկու շաբաթ առաջ փորձամրցում ենք կազմակերպում՝ տեսնելու, թե ով ինչ մարզավիճակում է եւ ինչ կիլոգրամներ կարող է բարձրացնել: Այս անգամ այդ փորձամրցումն անցկացրինք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Եթե հետեւել եք, պետք է տեսած լինեիք, որ հավաքականի հիմնական կազմի գլխավոր թեկնածուները շատ բարձր ծանրությունների չգնացին: Նրանք պարզապես ստուգում էին իրենք իրենց, քննություն էին հանձնում: Ու մարզիչները եւ մրցակիցները տեսան, թե նրանք ինչ մարզավիճակում են ու դեռ ինչի են ընդունակ: Սա նաեւ հոգեբանական ճնշում էր ապագա մրցակիցների վրա, որոնց դեռ հանդիպելու են աշխարհի առաջնությունում»:

Փաշիկ Ալավերդյանն այս անգամ էլ չասաց, թե աշխարհի առաջնությունից ինչ ակնկալիքներ ունի: Միայն հավաստիացրեց, որ Աշգաբադից դատարկաձեռն չեն վերադառնա, եթե Աստված մի արասցե՝ անակնկալներ չլինեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031