Հարգելի պատգամավորներ,
Մենք տեղեկացել ենք, որ հոկտեմբերի 31-ին Ազգային Ժողովում քննարկման է դրվելու կառավարության կողմից մշակված “Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին” օրենքի նախագիծը:
Չնայած Արդարադատության նախարարի այն հայտարարություններին, թե այս անգամ լինելու է աննախադեպ մեծ համաներում, մենք կարծում ենք, որ այս օրենքի նախագիծը հանիրավի դուրս է թողնում համաներման արժանի և խոցելի դատապարտյալների որոշ խմբերի: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ձեր լիազորությունների շրջանակում Ազգային Ժողովում համաներման մասին օրենքի քննարկման ժամանակ առաջարկել հետևյալ փոփոխությունները՝
փոխել հոդված 2, մաս 2.3-ն այնպես, որպեսզի համաներումը տարածվի 1 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողների վրա:
Մասնավորապես խոսքը վերաբերում է միայնակ մայրերին, քանի որ նրանց՝ բանտում հայտնվելու դեպքում երեխան(երը) մանկատանն են հայտնվելու: Թե՛ իրավական և թե՛ սոցիալական տեսանկյունից խնդրային է գտնել որևէ հիմնավորում, թե ինչով է պայմանավորված նման սահմանափակում և թե ինչու երեք երեխաների իրավունքներն ու լավագույն շահը հաշվի են առնվում, իսկ մեկ երեխայինը, փաստորեն, ոչ։
Նման բազմազավակ միայնակ կնոջ ազատազրկման օրինակ է Սիսիանում 10.000 դրամի գողության մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանի դեպքը։ Հասմիկը չորս երեխաների մայր է, ամուսինը տևական ժամանակ է, ինչ լքել է ընտանիքը, իսկ հանցագործություն կատարելու պահին Հասմիկի երեխաներից 3-ն անչափահաս էին, իսկ չափահաս որդին գտնվում էր պարտադիր զինծառայության մեջ։ Հետաքննության ու դատաքննության ժամանակահատվածում անչափահասներից մեկի 18 տարին լրացել է, նա ամուսնացել և տեղափոխվել է այլ բնակավայր։ Այսպիսով, Սարգսյանի՝ կալանավորվելու պարագայում նրա երկու անչափահաս երեխաները մնալու են առանց խնամքի, ուստի և վտանգված է նրանց լավագույն շահը, ինչը, երեխաների իրավունքների պաշտպանության առանցքում է:
Հասմիկի դեպքը, իհարկե, եզակի չէ, և ՀՀ կալանավայրերում դատապարտված են նաև այլ կանայք, ովքեր իրենց ծանր սոցիալական վիճակից ելնելով՝ իրենց երեխաների կենսական կարիքները հոգալու համար հանցագործության են դիմել, ու հիմա նրանց երեխաները զրկված են ծնողական խնամքից: Փաստորեն, բավարար չէ, որ պետությունը խախտել է այս մարդկանց իրավունքը՝ նրանց աղքատության մեջ անօգնական թողնելով, դեռ մի բան էլ պատժում է վերջիններիս աղքատ լինելու համար, քանզի հենց աղքատությունն է նրանց դրել իրենց և իրենց երեխաների կյանքն ու առողջությունը փրկելու անհրաժեշտությամբ պայմանավորված հանցագործությունների։
Մենք ուշադրությամբ հետևելու ենք վաղը ԱԺ-ում Համաներում հայտարարելու մասին օրենքի քննարկմանը և հուսով ենք, որ վերը նշված խնդիրը կբարձրաձայնվի և տեղ կգտնի օրենքում:
Անահիտ Սիմոնյան
Աննա Նիկողոսյան
Աննա Շահնազարյան
Արէ Մարտիրոսյան
Արման Ղարիբյան
Արփինե Գալֆայան
Զառա Հարությունյան
Զարուհի Հովհաննիսյան
Լալա Ասլիկյան
Ստելլա Չանդիրյան